Yerkir.am-ը գրում է.

Թուրքիան և Ադրբեջանը ռազմականացնում են Նախիջևանը, և նման քայլի են դիմում՝ մեզ վախացնելու համար: Այսօր՝ լրագրողների հետ զրույցում,նման կարծիք հայտնեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու  Կիրո  Մանոյանը:

Ըստ նրա՝ ճիշտ է, մենք վախենալու տեղ չունենք, չնայած այն հանգամանքին, որ չպետք է նաև շատ հանգիստ լինենք՝ ուղղակի պետք է այդ ուղղությամբ պատրաստվենք:

«Խնդիրն այն է, որ Ադրբեջանը Նախիջևանը ռազմականացնում է Թուրքիայի հետ համատեղ. եթե Արցախի դեպքում ցույց է տալիս, իբր թե Թուրքիայի մատը խառը չէ, սակայն Նախիջևանի մասով ուղղակի համատեղ են աշխատում: Մենք շատ ուշադիր պետք է լինենք Նախիջևանի ուղղությամբ, որովհետև մեկ կողմից ասում ենք, որ մենք ունենք այնպիսի զինամթերք կամ զինտեխնիկա, որ կարող ենք մինչև Բաքու հարվածներ հասցնել, բայց այնպես չէ, որ Ադրբեջանը չունի այդ հնարավորությունը: Ճիշտ է, մենք կարող ենք, օրինակ, Երևանից Բաքու հարվածներ հասցնել, իսկ Ադրբեջանը չի կարող Բաքվից Երևան հարվածել, բայց նա էլ Նախիջևանից կհարվածի»,-ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ եթե Արցախի հետ Ադրբեջանի շփման գծում ինչ-որ գործողություններ լինեն, հարցականի տակ կլինի՝ արդյոք Ռուսաստանը կմասնակցի ու կաջակցի: Սակայն, Մանոյանի խոսքով, երբ Նախիջևանի կողմից Ադրբեջանը սկսի ինչ-որ գործողություններ, սա կնշանակի, որ Ռուսաստանը պետք է մասնակցի դրան: «Սա, իսկապես, անկանխատեսելի հետևանք կունենա, որովհետև Նախիջևանը ոչ թե «վիճելի» տարածք է՝ Արցախի խնդրի պես, այլ այն կդիտարկվի որպես Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ գործողություն: Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ որևէ գործողություն Նախիջևանի կողմից շատ ավելի վտանգավոր հետևանքներ կունենա: Սա, սակայն, չի նշանակում, որ Ադրբեջանը շահած դուրս կգա այդ ամենից, ուղղակի կարծում եմ՝ Նախիջևանը «ոտքի տակ» կգնա՝ կամ մենք կմտնենք այնտեղ, կամ Իրանը, Թուրքիան էլ փորձեր կանի»,-ասաց Մանոյանը՝ հավելելով, որ հույս ունի՝ Ադրբեջանի ղեկավարներն այդքան խելք ունեն, որ նման գործողության չեն դիմի, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք պետք է հանգիստ լինենք և չպատրաստվենք դրան: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել