Մտավորականների (կործանվող երկրի փրկությամբ անհանգստացող այլ մարդկանց) հերթական խումբն այսօր հայտարարություն է արել՝ կոչ անելով համախմբվել և Հայաստանը փրկել կործանումից: Նույնիսկ կոնկրետ քայլեր են նախատեսել, որպեսզի նախ՝ իշխանությանը գահընկեց անեն, հետո՝ իրենք դառնան փրկիչներ...

Իհարկե, իշխանությունից դժգոհելը նորմալ երևույթ է, բայց աբսուրդ է, երբ յուրաքանչյուր, անկախ իր սոցիալական դիրքից կամ ունեցած կարողություններից, որոշում է փրկել երկիրն «անօրեն կառավարիչներից»:

Երկիրը խնդիրների առաջ է կանգնում ոչ միայն իշխանության վատ կառավարումից, այլև նրանից, որ հանրության ներկայացուցիչներն իրենց պարտականությունը չեն անում: Եթե դու լավ երգիչ ես, ապա իշխանությունից դժգոհիր քո երգերով, ստեղծիր այնպիսի երգեր, որոնք կդառնան հիթ, և հանրության գիտակցության մեջ հենց քո երգերով արթնացրու պետությանը տեր կանգնելու գաղափարը: Եթե դու լավ քանդակագործ ես, ապա քո հնարավորությունների ու կարողությունների շրջանակում ստեղծիր արժեքներ, որոնք պայքարի խորհրդանիշ կդառնան:

Եվ ամենևին պետք չէ արդարանալ, թե երկրում բլոկադա է, թույլ չեն տալիս: Կա ինտերնետ, կան սոցիալական ցանցեր, որոնք տալիս են անսահման լսարան և ազդեցության հնարավորություններ:

Այլ հարց է, որ երկրի փրկության լուսապսակը բռնագրավում են մարդիկ, որոնք դուրս են մնացել իրենց ոլորտի կյանքից, պարապ են, իսկ պարապությունը բերում է բազմաթիվ դեգրադացիաների:

Այս առումով, համաձայն եմ, պետք է մեղադրել իշխանությանը, որ լավ չեն ապահովում համապատասխան տնտեսական պայմաններ, որպեսզի մարդիկ աշխատեն, զբաղված լինեն ու իրենց փրկչի դերում չպատկերացնեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել