Մինչև 2016 թվականի ապրիլյան դեպքերն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով գլխավորում է երկրի պաշտպանության նախարարությունը 2013 թվականից, տարբեր հարթակներով հասկացնում էր երկրի նախագահին, որ իր ղեկավարած ուժային կառույցն անմրցելի է ոչ միայն հայկական բանակի, այլ նաև երկրում գործող այլ ուժային կառույցների հետ: Ամեն գնով տարբեր մակարդակի նախկին և ներկա զինվորականները հարցազրույցներով հանդես էին գալիս տարբեր լրատվականներում, հարցազրույցներ էին տալիս ադրբեջանցի և միջազգային ռազմական փորձագետներ համապատասխան վճարի դիմաց: Այդ ամենն այն աստիճանի ամրապնդվեց Իլհամ Ալիևի մոտ, որ վերջինս որոշում կայացրեց սկսել ապրիլյան դեպքերը, քանի որ արդեն կասկած չուներ, որ իր համար վերջնական հաջողության է հասնելու:

Սակայն առաջին օրվա գիշերվանից սկսվեց անհաջողությունների շարանը: Մի շարք ստորաբաժանումներ պարզապես ձախողեցին իրենց առջև դրած ռազմական խնդիրները: Այդ ամենից հետո Ադրբեջանի բանակին օգնության հասան ԱԱԾ և ոստիկանական զորքերը, դրանց գումարած նաև վարձկան զինվորները և ահաբեկչական խմբավորումները: Իլհամ Ալիևը մինչև ապրիլի 5-ը դեռ հույս ուներ, որ վերահսկողությունն անցնելու է իրենց կողմը, սկզբնական շրջանում գրաված դիրքերն արդեն ազատագրվել էին հայկական բանակի կողմից, մնացել էր վերջին դիրքն, ու վերջնականապես փլվելու էր ադրբեջանական բանակի միֆը, ու այդ ամենը տարավ հրադադարի որոշմանը: Ալիևը նույնիսկ անձամբ խոստացավ առաջնագծից հետ քաշել ադրբեջանական զինտեխնիկան, եթե հայկական բանակը խոստանա, որ այլևս ռազմական գործողությունների չի կատարի այդ հատվածում: Հասկանում եք, չէ՞, թե ինչ վիճակում պետք է գտնվի տարածք գրաված երկրի ղեկավարը, որ նման առաջարկով հանդես գա ու հրադադարի առաջարկ անի:

Ու հենց այդ հրադադարն անմիջական ազդեցություն ունեցավ Ալիևի և Հասանովի հարաբերությունների վրա: Հենց այդ հրադադարից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնի վրա տարիներ շարունակ աչք ունեցող Ադրբեջանի ԳՇ պետ Նաջմեդին Սադիգովն սկսեց փորել ներկա նախարարի աթոռի շրջակայքը: Հետագայում իրավիճակն այնքան էր լարվել, որ որոշ այցերի ժամանակ նախարարի փոխարեն շտաբի պետն էր դիմավորում նախագահին: Մյուս դեպքերում էլ, երբ ներկա էլ լինում նախարար Հասանովը, ավելի շատ երկրորդական դերում էր հայտնվում: Նույնիսկ մի պահ ադրբեջանական որոշ լրատվականներ սկսեցին գրել Հասանովի աշխատանքից ազատվելու մասին:

Բայց դեռ պարզ չէ, թե ինչ խոստումների հաշվին է Զաքիր Հասանովը պահում նախարարի պաշտոնը, բայց այս պահի դրությամբ նրա և նախագահի հարաբերությունները դեռ անորոշ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել