Այսօրվա քաղաքական խճանկարի առաջին դրվագները պատկերվեցին դեռևս 2015թ. սահմանադրական փոփոխությունների ժամանակ, երբ իշխանությունը հանդես եկավ Հայաստանը պառլամենտական հանրապետություն դարձնելու նախաձեռնությամբ: ՀՀ-ում մի տեսակ ընդդիմադիր դաշտի ճգնաժամ է ստեղծվել, և այդ բացը տևական ժամանակ է՝ ուղղակի բաց է:

Բավականին տևական ժամանակ է, ինչ ՀՀ քաղաքական դաշտի ինստիտուցիոնալ ընդդիմության թեզը շրջանակում է Նիկոլ Փաշինյանը, ով ներկայումս հանդիսանում է խորհրդարանական «Ելք» դաշինքի ղեկավարը: Բայց վերջերս «Ելք»-ում լուրջ ճաքեր են նկատվում՝ չնայած այն փաստին, որ դաշինքի անդամ երեք կուսակցություններն իրենց ղեկավարներով պարբերաբար հանդես են գալիս հայտարարություններով, որ դաշինքում տիրում է համերաշխություն և կոնսենսուսային մթնոլորտ:
Այսօր մամուլում հրապարակմամբ հանդես եկավ պատգամավոր Էդմոն Մարուքյանը և հանգամանալից ներկայացրեց իր տեսլականը` կապված առաջիկա վարչապետացման գործընթացի հետ: Ըստ էության, հոդվածն ունի մի քանի մեսիջ, մի մասն՝ ուղղակի, մի մասը՝ տողատակում: Առաջինն այն է, որ Մարուքյանը ֆիքսում է` Նիկոլ Փաշինյանը շեղվել է «Ելք»-ի քաղաքական «գծից», որի մասին պայմանավորվել էին դաշինքը ստեղծելիս: Այդ գիծը պայմանականորեն կարող ենք անվանել խորհրդարանական հարթակում գործունեության և պայքարի գիծ: Մյուս մեսիջն ուղղված է իշխանությանը, որն ավելի բաց է․ եթե իշխանությունը տեղ չի տալիս, չի ընդառաջում, այսպես ասած՝ չի գեներացնում խորհրդարանական գծի հետևորդ ուժերին, դրանից օգտվում են այն ուժերը, որոնք գնում են փողոց կամ փողոցում են:

Փաստացի, Մարուքյանն իշխանությանը գրեթե բաց տեքստով ասում է, որ, եթե չեն ընդունում իրենց, տեղեր չեն տալիս հանձնաժողովում, չեն անում քայլեր, որոնք իրենց հիմք կտան խոսելու այն մասին, որ խորհրդարանական հարթակն ընդդիմության համար լավ էլ արդյունավետ է և հնարավոր է հասնել փոքր, բայց կոնկրետ հաջողությունների՝ ի տարբերություն փողոցում տեղապտույտին, ապա դրանով աջակցում են փողոց և հրապարակ գնացող ուժերին:

Այս համատեքստում էլ Մարուքյանն արդարացնում է Նիկոլի՝ հրապարակ և փողոց գնալը՝ մի կողմից, մյուս կողմից էլ՝ կարծես թե արդարանում իշխանության առաջ, որ ստեղծված իրավիճակի մեղավորը Փաշինյանն է, և որ նրան անհնար եղավ պահել խորհրդարանում: Այդ ժեստով նա ընդգծում է պայմանավորվածությունը պահելու իր պատասխանատվությունը՝ ցույց տալով, որ չի գնացել փողոց: Մարուքյանի համար դրա անհրաժեշտությունն առաջացել էր գների թանկացման դեմ փողոցային երթի պատճառով, որովհետև Մարուքյանն ինքն այդուհանդերձ ինչ-որ պահի տրվել էր խորհրդարանից փողոց գնալու գայթակղությանը և գուցե այդ ֆոնին ունի ներկայումս արդարանալու անհրաժեշտություն՝ ընդգծելով, որ ինքը մնում է պայմանավորվածության շրջանակում:

Բանն այն է, որ, «Ելք»-ի ներդաշինքային պայմանավորվածության մասին խոսելով, «Լուսավոր Հայաստանի» առաջնորդը փաստացի շոշափում է ավելի լայն պայմանավորվածության շրջանակ:

Միևնույն ժամանակ, սակայն, «Ելք»-ն ինքը փաստացի առաջինը դուրս եկավ լայն պայմանավորվածությունների շրջանակից Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ, երբ իրավիճակը և նյարդերը բավական լարված էին հատկապես ՌԴ անկանխատեսելիության մասով՝ առաջ քաշելով ԵՏՄ-ից դուրս գալու նախաձեռնությունը, որը կամա թե ակամա դառնում էր ՀՀ-ԵՄ համաձայնագրի դե ֆակտո մատնագիր:

Փաշինյանն, անդրադառնալով Մարուքյանի հոդվածին, նշել է, որ հոդվածում տրորված ճանապարհների մասին հատված կար, և եթե այդ տրամաբանությամբ գնան, այն ճանապարհը, որն առաջ էր քաշել Մարուքյանը, ևս տրորված է մի քանի անգամ մասնավորապես ՀՅԴ ու ՕԵԿ-ի կողմից: Նիկոլն ասել է, որ իրենք արշավ են անցկացնում ընդդեմ հուսալքության, իրենք հարթակ են ստեղծում դրա համար, իրենց պատկանող իշխանությանը տիրանալու համար:

Գործնականում իշխանությունը դրանք փաստացի դիտարկեց դաշինքի ոչ միայն պայմանավորվածությունների և կանոնների խախտում, այլ՝ երկու հարված թիկունքից:

Ընդդիմադիր ուժերի միավորումը ոչ մի համակարգային բուժում չի տա, հասարակությունը չի գնում այն ընդդիմադիրների հետևից, որը միավորվում է: Հասարակությունը գնում է ուժ ներկայացնող ընդդիմադիրների հետևից․ եթե միավորումը ուժ ներկայացներ, դա այլ հարց է: Ընդհանրապես «շարժում» արտահայտությունն ավելի լայն ու խորը հասկացություն է: Ասվածի օրինակ կարող է հանդիսանալ 2007 թվականի նախագահական ընտրություններից առաջ ձևավորված քաղաքական ուժերի համախմբումը, երբ առաջին նախագահի հետևից հարյուր հազարավոր մարդիկ գնացին:

Հ.գ. Նիկոլը՝ իբրև լիարժեք ընդդիմություն, գիտակցում է միայն սեփական կերպարը և հավատում սեփական կերպարին, թեև ոչ ոք արդեն նրան չի հավատում: Շրջելով քաղաքներով, գյուղերով՝ նա հավանաբար հասկացել է, որ չկա երկրի վրա ընդդիմություն և ինքը ֆիկցիա է, սակայն դաժան էր ընդունել, որ դու ողջ կյանքում գոյություն ես ունեցել միայն մարդկանց հիշողության մեջ և լեզվի ծայրին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել