Վարչապետի հնարավոր թեկնածուի դեմ սկսած պայքարը նման է մանկական խաղի, ու դա բնութագրում է տվյալ քաղաքական ուժերին և քաղաքական գործիչներին ու իրենց քաղաքական գործիչ համարողներին: 
Ընտրվել է Ազգային ժողով և ԱԺ-ում կա քաղաքական մեծամասնություն իր դաշնակից ուժերով, և նրանք են, բնականաբար, որոշողը, թե ով պետք է լինի վարչապետը: Այդ դեպքում ինչո՞ւ եք տվայտվում․ չէ՞ որ այդ ուժի անդամներից պետք է ընտրվի վարչապետ, և կներկայացվի նա, ում հարմար կգտնեն…
Ձեր այդ քայլն ընդամենը պայքար է հողմաղացների դեմ և տվյալ դեպքում դուք ընդամենը Դոն Կիխոտ եք կամ քաղաքական ինքնասպան…
Ուզո՞ւմ էիք պայքարել, այն ժամանակ պայքարեիք, ընդվզեիք, իսկ հիմա, ձեր խոստացած պայքարի ինստիտուցիոնալ ճանապարհը մոռացած, փողոց եք դուրս եկել, պատրաստվում եք փողոցային պայքարի… Ի՞նչ է դա, դարձ ի շրջանս յո՞ւր, վերադարձ հարազատ միջավա՞յր… Գնացքն արդեն շարժվել է, ու դրեզինայով չեք հասնի… Անմիտ է, ժամանակավրեպ և ուշ…
Բնականաբար, փորձված քաղաքական ուժերը ներողամտաբար ժպտում են ձախության մանկական հիվանդությամբ տառապողների գործողությունները տեսնելով, մինչդեռ դա հեղինակազրկման սկիզբն է արդեն… Եվ Աստված ոչ անի՝ այն տանի մարտի 1-ի դեժավյուի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել