«Ժողովուրդ»-ը գրում է. «Օմբուդսմեն Արման Թաթոյանը կարծես մտադրվել է ամեն գնով հիմնավորելու տեսակետը, որ ինքը ոչ թե քաղաքացիների, այլ իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ի իրավունքների պաշտպանն է: 2017թ. տարեկան զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել նաև ընտրական իրավունքին՝ խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում:

Զեկույցի տասը էջերում /այդքան է հատկացված ընտրական իրավունքին/ ՄԻՊ-ը շատ հմտորեն շրջանցել է ընտրությունների վրա լրջագույն ազդեցություն ունեցած գործոնի՝ ընտրակաշառքի թեման: Այնինչ` հիշում եք` և՛ խորհրդարանական, և՛ Երևանի ավագանու ընտրություններին փողը հոսում էր գետի նման և հոսում էր ոչ միայն ՀՀԿ, այլև շատ ուրիշ կուսակցությունների թեկնածուների շտաբերից: ՄԻՊ-ը շրջանցել է նաև քվեարկության օրը ընտրողների ահաբեկման ու վերահսկման թեման:

Մինչդեռ, հիշեցնենք, այդ ամենը արձանագրել էին միջազգային դիտորդները, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ իր զեկույցում նշելով. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները և ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»:

Անգամ ՍԴ որոշման մեջ անդրադարձ կար ընտրակաշառքի թեմային, և արձանագրված էր, որ քաղաքական կոռուպցիան խարխլում է երկրի անվտանգությունը: Բայց արի ու տես, որ Արման Թաթոյանը զլացել է զեկույցում խոսել այս մասին, չէ՞ որ այդ դեպքում կստացվեր` նա դուրս է գալիս իշխանության դեմ, այն իշխանության, որն իրեն ՄԻՊ է դարձրել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել