Yerkir.am-ը գրում է.

ԱԺ պետաիրավական հանձնաժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ-ի գործունեության մասին զեկույց ներկայացրեց, հետո պատասխանեց պատգամավորների հարցերին:  

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, որ ակտիվ ընտրական տարի է եղել, և խախտումների վերաբերյալ «Ելք» դաշինքը մի քանի հարցով դիմել է  ԿԸՀ ու Վարչական դատարան: «Ինձ համար հետաքրքիր է, որ զեկույցում անդրադարձ չկա ՍԱՍ-ի գործին, տնօրենների հետ կապված` դպրոցներում տեղի ունեցած դեպքին: Ինչո՞ւ չունենք այդ գործերով ԿԸՀ գնահատականը, դատապարտումը՝ ապագայում դրանք կանխարգելելու համար»,- հետաքրքրվեց պատգամավորը:

Մուկուչյանը պատասխանեց, որ վերը նշված դեպքերի մասին ԿԸՀ որոշումներն ու քննարկումները բաց են եղել: «Մենք մեր որոշումներում արտահայտել ենք մեր տեսակետը, որոնք մեր կայքում տեղադրված են: Առանձին գործին չենք անդրադարձել, քանի որ ամբողջ գործընթացը ներկայացվել է թվային տվյալներով»,- ասաց նա:

Մարուքյանն անդրադարձավ նաև «Զիբիլիքս»-ի գործին՝ նշելով, որ իրենք Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին Տարոն Մարգարյանի շտաբի մոտ գտնվող աղբարկղից փաստաթուղթ էին գտել, որում հստակ նշված էին ընտրակաշառք ստանալու և առաջարկելու մեխանիզմները, մինչդեռ ԿԸՀ-ի կողմից այդպես էլ արձագանք չեղավ: «Գոնե ասեիք՝ մենք դատապարտում ենք այդ գործողությունները,ԿԸՀ-ն քրգործ հարուցող մարմին չէ, բայց, օրինակ, դիրքորոշում չկա: Գրված է, թե դուռը ծեծելուց հետո մարդիկ ինչպես գնան բաղնիք կամ տան մեկ այլ սենյակում ինչպես գումար ստանան: Ամբողջ  համակարգը մենք բացահայտել ենք, բայց սրա վերաբերյալ որևէ արձագանք չկա»,- դժգոհեց նա:

Ի պատասխան Մուկուչյանը միայն նշեց, որ ԿԸՀ նիստի ընթացքում հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում փորձել է ներկայացնել խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել