Համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում վերջին մեկ ամիսը Ռուսաստանի դիվանագետների արտաքսման շուրջ ընթացող իրադարձություններն են:

Մեծ Բրիտանիան բնավ մեկուսացած չէ․ նվազագույնը 28 երկիր որոշել է 150 ռուս դիվանագետի արտաքսել համատեղ պատասխանի շրջանակում` ռազմական նշանակության քիմիական թունամիջոցի կիրառմամբ մահափորձ Սոլսբերիում: Թեպետ Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է վարկածներ առաջադրել, թե ինչ կարող էր լինել Սերգեյ Սկրիպալի հետ, թեպետ ՌԴ կառավարությունը պատրաստվում է հայելային պատասխան տալ, Արևմտյան տերությունների մեծ մասն ընդունում է բրիտանական վարկածը: Նրանց համաձայնության մակարդակը չափազանց նշանակալից է․ ռուս դիվանագետների այդպիսի մասշտաբային արտաքսում չի եղել Սառը պատերազմի տարիներից:

Իրավիճակը պետք է գնահատել խորքից` հասկանալու, թե որքա՞ն լուրջ է Արևմուտքը վերաբերվում ռուսական ազդեցությանը, և որքա՞ն անկանխատեսելի կարող են լինել այդ ազդեցության հետևանքները: Հատկապես զարմանալի էր Ֆրանսիայի ու Գերմանիայի միասնական արձագանքը․ երկու երկրներ, որ ռուսական ներգործության թիրախ են դարձել: Ֆրանսիայի անցած տարվա նախագահական ընտրություններում Ռուսաստանը բացահայտ պաշտպանում էր ուլտրաաջ «Ազգային ճակատ» կուսակցությանը, վարկեր էր տալիս: Ռուսական տրոլներն ու գործակալներն օնլայն արշավներ էին կազմակերպում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության օգտին անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Ռուսական ընկերություններն ու ռուսական փողերն օգտագործվել են ֆրանսիացի ու գերմանացի առավել կենտրոնամետ քաղաքական գործիչներին գնելու համար:

Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հիմա Կրեմլին պատկանող մի քանի ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է և Ռուսաստանի ակտիվ պաշտպանը Գերմանիայում: Երկու երկրներում էլ Ռուսաստանի աջակցությունն ունեցող կուսակցություններն ու քաղաքական գործիչները տանուլ են տվել, և դա մասամբ բացատրում է` ինչու՞ են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հիմա վճռել պատասխանել Ռուսաստանին: Մերկելն անվստահությամբ է վերաբերվում Մոսկվայի մտադրություններին Եվրոպայում Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման պահից, առանց նրա աջակցության հազիվ թե ՌԴ նկատմամբ պատժամիջոցներ սահմանվեին: Ինչպես Մակրոնը, Մերկելը գիտի, որ Ռուսաստանն աջակցում է իր քաղաքական ընդդիմախոսներին, և ռուս հաքերները փորձել են կոտրել գերմանացի ու ֆրանսիացի քաղաքական գործիչների կայքերը: Բայց մյուս երկրներն այլ տեսակետ ունեն Ռուսաստանի քաղաքական միջամտության վերաբերյալ:

Իտալիայում, որտեղ ընտրություններից հետո նոր կառավարություն պետք է կազմավորվի, հրաժարական տված ղեկավարությունն արտաքսել է երկու ռուս դիվանագետի: Մատեո Սալվինին` ռուսամետ «Հյուսիսի լիգայի» նախագահն ու հնարավոր վարչապետը, կտրուկ քննադատել է այդ որոշումը: Նրա օրինակին հետևել է ավելի փոքր ուլտրաաջ կուսակցությունը, որ նույնպես կարող է լինել ապագա կոալիցիայում, որ ընդգծել է․ «Անընդունելի է, որ ժամանակավոր կառավարությունը ՌԴ դեսպանատան երկու աշխատակիցների է արտաքսում»:

Հունաստանը, որտեղ կառավարող ուլտրաձախ կառավարությունն ու նրա ուլտրաաջ կոալիցիոն գործընկերները ամուր կապեր են պահպանում Ռուսաստանի հետ, ՌԴ դիվանագետներին չվտարեց: Նույնպիսի որոշում ընդունեց Ավստրիան, որտեղ կառավարող կոալիցիայի կազմում է ուլտրաաջ «Ազատության կուսակցությունը», որ, իհարկե, կապեր է պահպանում Ռուսաստանի հետ:

Ամենուր Սկրիպալի գործն արտացոլում է ռուսական ազդեցությունը տեղական քաղաքականության վրա: Այդ ապշեցուցիչ փաստը ստիպում է ուշադրություն դարձնել ԱՄՆ-ի արձագանքի տարօրինակության վրա: Առաջին հայացքից` ԱՄՆ կառավարությունն ամենավճռականն է արևմտյան բոլոր երկրներից․ վտարել է 60 դիվանագետի ու փակել Սիեթլում ՌԴ հյուպատոսությունը: Այդ որոշմանն աջակցել են ԱՄՆ Ազգային անվտանգության խորհուրդը և պետդեպարտամենտը: Թրամփը նույնպես աջակցել է որոշմանը, սակայն նրա հռետորաբանությունը չափազանց ինքնատիպ էր: Մահափորձից մի քանի օր հետո ԱՄՆ արդեն նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն այդ թունավորումն անվանեց աղաղակող՝ հայտարարելով, որ Ռուսաստանն ակնհայտորեն դրա հետ կապ ունի:

Ի տարբերություն նրա` Թրամփը որևէ միանշանակ հայտարարություն չարեց: Իր Թվիթերում նա ոչ մի խոսքով չհիշատակեց թունավոր քիմիական նյութը: Բացի այդ` նա թեման նույնիսկ չքննարկեց ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում: Նրա իսկական վերաբերմունքը Ռուսաստանի կառավարությանը, ինչպես նախկինում, հանելուկ է մնում:

Համարյա մեկ ամիս է անցել Սկրիպալների թունավորումից, հրապարակավ Մեծ Բրիտանիան որևէ ապացույց չի ներկայացրել, որ Ռուսաստանը կապ ունի թունավորման հետ, բայց Սոլսբերիի դիվանագիտական պատերազմը հասել է գագաթնակետին․ 150 ռուս դիվանագետներ են արտաքսվել Եվրոպայից ու ԱՄՆ-ից, նույնքանը ճամպրուկներն է հավաքել Ռուսաստանում: Փաստացի, այս արտաքսումները ոչ թե Սկրիպալների թունավորման պատասխանն են, այլ Արևմուտքը հարմար պատրվակ է գտել պատասխանելու Պուտինին այն ամենի համար, ինչ արել է ու չի արել: Սա տասնամյակներ Կրեմլի վարած հակաարևմտյան քաղաքականության հետևանքն է, որ սպառնում է վերջնականապես դառնալ սառը պատերազմ: Ո՞վ կանգ կառնի ու կանի առաջին ընդառաջ քայլը` հասկանալով առճակատման հնարավոր հետևանքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել