Մարտի սկզբին Իրանը տոտալ գրոհ սկսեց ԱՄՆ-ի ուղղությամբ, որը միտում ուներ միջազգային հարաբերություններում ակտիվացնել ամենուրեք արգելված և ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորման ստեղծմանն ու սնուցմանը Վաշինգտոնի մասնակցության հարցը:

Սա Իրանի առաջին փորձը չէ համաշխարհային հանրության ուշադրությունը հրավիրելու այն բանի վրա, որ ԻՊ-ի ավազակային կազմավորումների և նրանց հարող օտարերկրյա վարձկանների հանկարծակի հայտնվելը, ապա նաև Իրաքի ու Սիրիայի դեմ ուղղված ագրեսիան ԱՄՆ-ի և Իսրայելի հատուկ ծառայությունների հույժ գաղտնի հետախուզական-դիվերսիոն գործողություն են: Սակայն հիմա ամեն ինչ շատ ավելի հիմնավոր է, քան, օրինակ, 2014 թ. օգոստոսին, երբ Իրանում առաջին անգամ բարձրաձայն խոսեցին ԻՊ-ի ավազակախմբերի հետ ԱՄՆ-ի ու Իսրայելի կապի մասին:

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահներն առաջիկա օրերին`ապրիլի 4-ին, կհանդիպեն. բոլորի համար հասկանալի է, որ Մոսկվայից համաշխարհային քաղաքականության կարևորագույն հարցերով դարձյալ զբաղվելու է Վլադիմիր Պուտինը, Իրանի մարտի սկզբի ջանքերը՝ աշխարհի ուշադրությունը հրավիրելու Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի երկերեսանի դերի վրա, առանձնակի իմաստ են ստանում:

Տարածաշրջանում Իրանի քաղաքականության գլխավոր նպատակն է արմատապես թուլացնել ԱՄՆ-ի և Իսրայելի, ինչպես նաև նրանց խամաճիկ երկրների դիրքերը, և հարցն առաջին հերթին վերաբերում է ամերիկացիներից ու նրանց արբանյակներից Սիրիայի ու Իրաքի ազատագրմանը, որովհետև այաթոլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիի որոշմամբ Սիրիայի ու Իրաքի պաշտպանությունը հավասարեցված է աշխարհում իսլամի պաշտպանությանը: Բայց այն հարցը, որ ապրիլի 4-ին իրանցիները, ոչ առանց Պուտինի աջակցության, կառաջադրեն Թուրքիային, չի վերաբերում պարզապես Սիրիայի ապաօկուպացմանը. դաշնակիցները Թուրքիայից կպահանջեն լիովին դուրս գալ Սիրիայից և Իրաքից: Այսպիսով՝ Թեհրանը բացահայտ ու բարձրաձայն ասում է աշխարհին. «ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ահաբեկիչներ են պատրաստում ու հովանավորում նրանց»:

Ամեն ինչ սկսվել է «Kayhan News» թերթի հրապարակումից. այս լրատվամիջոցի անգլերեն տարբերակը նախատեսված է բացառապես արտաքին աշխարհի վրա ներգործելու համար: Պարբերականն Իրանի տպագիր լրատվական կարևորագույն հրատարակություններից մեկն է. լույս է ընծայվում 1943 թվականից: Թերթի խմբագրությունն ակտիվ մասնակցություն է ունեցել իսլամական հեղափոխությանը, պարբերականի հեղափոխականորեն տրամադրված աշխատակիցներն ստեղծեցին «Իսլամական ասոցիացիա», որը միջամտում էր խմբագրական կոլեգիայի գործերին և աշխատանքին մոտ չէր թողնում այլ տարրերի:

Բոլոր վերջին նախագահական ընտրությունների ընթացքում թերթն ակտիվորեն պաշտպանել է պահպանողական թեկնածուներին՝ սկսած Մահմուդ Ահմադինեժադից: Թերթի հրապարակումները մեկ անգամ չէ, որ առանձնակի արձագանք են գտել Արևմուտքում և Իսրայելում:

Փարիզում կազմակերպված ահաբեկչական հարձակումներից հետո «Kayhan News»-ն առաջին էջում հրապարակեց «ԻՊ-ի կատաղած շները կծեցին իրենց տերերի ոտքը» վերնագրով մի հոդված, որը կոշտ արձագանք գտավ արտասահմանյան որոշ լրատվամիջոցների շրջանում: Հիմա դժվար չէ պատկերացնել, որ ԱՄՆ-ի հասցեին վերոհիշյալ հարձակման նպատակն է հասկացնել, որ արձագանք անպայման պետք է լինի: Հենց այս հրապարակումից հետո իրանական մնացած լրատվամիջոցները, այդ թվում՝ նրանք, որոնք համարվում են Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլահ Խամենեիի հետ ուղղակիորեն կապված մարտի 5-ից սկսեցին հաղորդել հրապարակման կրճատ տարբերակները, ինչպես նաև հաղորդագրություններ ու հայտարարություններ, որոնք բացահայտորեն կոչված էին հաստատելու այն անձանց պնդումները, որոնք հիշատակված էին «Kayhan News»-ի հրապարակման մեջ:

Հրապարակման կենտրոնում երկու պաշտոնատար անձինք են, որոնց դժվար է կասկածել անիրազեկության կամ էլ միամտության մեջ նախնական և հետագա տեղեկություններ մշակելիս: Առաջինն Իրանի ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ ծառայության գլխավոր հրամանատար, աշխարհահռչակ գեներալ-մայոր Քասեմ Սոլեյմանին է, իսկ երկրորդը՝ նախկին փոխարտգործնախարար, իսկ հիմա՝ Իրանի խորհրդարանի նախագահի միջազգային գործերի գծով հատուկ օգնական Հոսեյն Ամիր-Աբդոլլահիյանը: Հենց նա էլ «Kayhan News»-ի հետ կազմակերպում է, կարելի է ասել, ԱՄՆ-ի դեմ ուղղված «պիար-պրոքսի պատերազմների» կարգի հատուկ օպերացիան: Ամիր-Աբդոլլահիյանն ընդգծել է, որ գեներալ Սոլեյմանին Իրանի ԱԳՆ է ներկայացրել փաստաթղթեր, որոնք վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ն դաշնակցում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ: Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն այնուհետև հայտարարել, որ գեներալ Սոլեյմանիի ներկայացրած փաստաթղթերը ճշգրիտ տեղեկություններ են պարունակում ԻՊ-ի պարագլուխների հետ ԱՄՆ-ի դավադրության աշխարհագրական դիրքի, ժամանակի ու ճշգրիտ մանրամասների վերաբերյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել