Այսօր Բաքու է ժամանել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով հանդիպումներ է ունեցել այդ երկրի ղեկավարության հետ։ Իրանի ու Ադրբեջանի միջև ստորագրվել են մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ տրանսպորտային, էներգետիկ ոլորտներում։

Բաքուն իրանական կողմին վարկ կտրամադրի Ռեշտ-Աստարա երկաթգծի կառուցման համար, ինչպես նաև կողմերը պայմանավորվել են համագործակցել նավթային ոլորտում Կասպից ծովում։

Իրան-Ադրբեջան հարաբերությունների տնտեսական բաղադրիչը վերջին տարիների կտրուկ ակտիվացել է`չնայած քաղաքական որոշակի հակասություններին` ադրբեջանա-իսրայելական համագործակցության համատեքստում ու Բաքվի նկրտումների Իրանի հյուսիսային շրջանների նկատմամբ՝ Մեծ Ադրբեջանի պանթուրքիստական ռազմավարության շրջանակներում։

Բաքուն փորձում է հասկացնել Թեհրանին, որ Իսրայել-Ադրբեջան համագործակցությունը, հատկապես դրա ռազմական բաղադրիչն ուղղված չէ Իրանի դեմ, այլ ուղղված է միայն ու միայն ՀՀ-ի ու հատկապես Արցախի դեմ։ Բաքուն զինվում է իսրայելական զենքերով ոչ թե Իրանի դեմ, այլ՝ հայկական կողմերի։
Թեհրանը փորձում է ունենալ իր տնտեսական, քաղաքական ներկայությունն Ադրբեջանում`իրականացնելով էներգետիկ-տրանսպորտային նախագծեր, ներդրումներ իրականացնելով ադրբեջանական տնտեսության տարբեր ճյուղերում։
Ադրբեջանը ցանկանում է իր երկու հարևաններին` Վրաստանին ու Իրանին ներգրավվել մեկ միասնական տրանսպորտային, էներգետիկ նախագծերում Թբիլիսին ու Թեհրանը ՀՀ-ից «պոկելու» նպատակով։

Բաքուն ցանկանում է զարգացնել այսպես կոչված «Հարավ-Արևմուտք» (Հնդկաստան-Պարսից ծոց-Իրան-Ադրբեջան-Վրաստան-Սև ծով-Ուկրաինա-ԵՄ) միջանցքը։ Դա արվում է ՀՀ-ն տարածաշրջանային նախագծերից մեկուսացնելու նպատակով։ Հայ-իրանական ու հայ-վրացական երկկողմ տրանսպորտային, էներգետիկ և այլ նախագծերի կյանքի կոչումը հարվածում է ՀՀ-ն մեկուսացնելու թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությանը։ Չմոռանանք, որ Վրաստանն ու Ադրբեջանը նաև ՎՈւԱՄ-ի անդամ են։
Ադրբեջանը ցանկանում է «միջանցք» դառնալ իրանական բիզնեսի համար դեպի Վրաստան ու Սև ծով, իսկ Վրաստանի համար` Թբիլիսի-Բաքու-Իրանի սահման երկաթգծի միջոցով վրացիներին թույլ տալ մուտք գործել իրանական բազմամիլիոնանոց շուկա ու Պարսից ծոց։

Տրանսպորտային ու էներգետիկ, տարանցիկ միջանցքի վերածվելու Ադրբեջանի քաղաքականությունը կարող է դրդել Բաքվին հատուկ, արտոնյալ պայմաններ ստեղծել իրանական ու վրացական արտադրողների ու բեռնափոխադրողների համար, որպեսզի նրանք հայկական` ՀՀ-ի տարածքով անցնող ուղղությանը նախընտրեն ադրբեջանական ուղղությունը․ դա էլ տնտեսական պատերազմի, դեմփինգի և այլ տարրերից մեկն է։
Ադրբեջանը ցանկանում է թուրքական, իսրայելական, ռուսական տնտեսական, քաղաքական ազդեցությունը բալանսավորել նաև Իրանի միջոցով` հայ-իրանական ռազմավարական կապերի մեջ սեպ խրելու համար։

Իրանական շուկան հետաքրքիր է Բաքվի համար, բացի այդ՝ դա լրացուցիչ ուղի է անկլավային Նախիջևան ու մեծ եղբայր Թուրքիայի տարածքի հետ կապեր պահպանելու համար։ Բացի այդ՝ սերտացնելով Իրանի հետ տնտեսական կապերը՝ Բաքուն փորձելու է Թեհրանում ստեղծել ադրբեջանամետ լոբբի` ղարաբաղյան հարցի, հայ-իրանական հարաբերությունների ու հնարավոր նախագծերի վրա ազդելու համար։

ՀՀ-ԼՂՀ տրանսպորտային մեկուսացումը խորացնելու համար Ադրբեջանը ֆինանսավորեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վրացական հատվածը։ Այժմ Բաքուն ֆինանսավորում է Ռեշտ-Աստարա երկաթգիծը` հայ-իրանական երկաթգծի վրա խաչ քաշելու ու դրա կառուցման «ոչ արդյունավետությունը» ցույց տալու համար հատկապես իրանական կողմին։

Ադրբեջան-Իրան երկաթգծի շնորհիվ Բաքուն ցանկանում է իրանական բեռների հոսքերն ուղղել իր տարածքով նախ՝ դեպի ՌԴ, Վրաստան ու սևծովյան երկրներ` ՎՈՒԱՄ-ի անդամ Ուկրաինա, ինչպես նաև ԵՄ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել