«Ավազե դղյակ». այսպես է կոչվում Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում»-ի նոր՝ 25 մասից բաղկացած հեռուստասերիալը, որը եթերում կլինի ապրիլի 7-ից սկսած՝ յուրաքանչյուր շաբաթ-կիրակի: Մելոդրամայի հիմքում դասական Ռոմեոյի ու Ջուլիետի  պատմությունն է՝ համեմված ժամանակակից մոտիվներով ու անսպասելի լուծումներով: Ռեժիսորները Վահե Ղազարյանն ու Վարդան Հակոբյանն են, սցենարիստը՝ Աստղիկ Սիմոնյանը, պրոդյուսերը Ռուբեն Արամյանն է, նախագծի տնօրենը՝ Ռոման Աղեկյանը: BlogNews.am-ը ներկա է եղել հեռուստասերիալի վերջին սերիաների նկարահանմանը, զրուցել ռեժիսոր Վարդան Հակոբյանի հետ ու հետաքրքիր բացահայտումներ արել:

Սիրավեպ, որն ունակ է հաղթելու թշնամանքն ու միավորելու երկու հակամարտող ընտանիքները: Հեռուստասերիալի պատմությունը զարգանում է Առուշանյանների ու Մարգարյանների ընտանիքների միջև վաղեմի թշնամանքի շուրջ. «Հաջողակ բիզնեսմեններ Ռաֆայելն ու Մարատը դեռևս երիտասարդ տարիներից սիրում են նույն կնոջը: Պայքարը շարունակվում է նույնիսկ, երբ Աննան ամուսնանում է Մարատի հետ: 20 տարուց ավել այս երկու ընտանիքները պայքարում են միմյանց դեմ լինի դա գործնական, թե անձնական դաշտում: Այնուամենայնիվ, Արամ Առուշանյանի և Տաթև Մարգարյանի հանկարծակի սերը նոր թափ է հաղորդում ընտանիքների հակամարտությանը. չէ՞ որ նրանք են ժառանգները»,- ասում է ռեժիսորն ու հավելում, որ, հուրախություն իրեն,  հերոսները կապ չունեն կրիմինալ աշխարհի հետ: Նրանք ներկայացնում են հաջողակ շինարարական ընկերություններ, ինչն էլ թույլ է տալիս իրենց ստեղծագործել ու ավելի լավ լուծումներ գտնել գունեղ տեսարաններ ու խոսուն կադրեր ստանալու համար:

IMG (5) copyIMG (6) copy

IMG (20) copyՌեժիսորի կարծիքով՝ հեռուստասերիալի թեման արդիական է եղել անցյալում, արդիական է այսօր ու արդիական է լինելու վաղը: Երբ խոսքը մարդկային հարաբերությունների ու անկեղծ զգացմունքների մասին է, ժամանակն այստեղ անզոր է. «Խորամանկ ու փորձառու ռեժիսորն ու սցենարիստը հասկանում են, որ ամենակարևորը մարդն է ու այն ամենը, ինչ կատարվում է նրա հետ: Մենք շեշտը դրել ենք հենց մարդկանց ու նրանց ճակատագրերի վրա: Թեման թույլ է տալիս հետաքրքիր սյուժետային անցումներ անել: «Ավազե դղյակ» անվանումը պայմանավորված է նրանով, որ ցանկացած պահի քո ստեղծածը կարող է փլվել: Հերոսներն էլ այդպիսին են՝ մարդիկ, որոնք ամբողջ կյանքում կառուցել են ու ինչ-որ ուրիշ ուղղությամբ գնացել առանց գիտակցելու, որ դա չէ կարևորը, քանի որ այն կարող է մի փոքր բանից փշրվել, իսկ այն, ինչ իրականում պետք է իրենց, չունեն՝ սեր ու հավատարմություն»:

Նոր բովանդակություն ստեղծելը դարձել է Ucom-ի և «Արմենիա Պրեմիումի» գործակցության առանցքային գործառույթը. «Ուրախ եմ, որ նոր հեռուստատեսային մելոդրամայի մի քանի մաս հնարավոր է բուն եթերից օրեր առաջ դիտել «Տեսավարձույթ» բաժնում։ Որպես հաճախորդամետ ընկերություն՝ Ucom-ը մշտապես փորձում է հետևել արդեն ձևավորված ավանդույթին և անել հնարավորը, որպեսզի մեր հեռուստադիտողներն առաջինը տեղեկացված լինեն հայրենական հեռուստատեսային արտադրանքի նորույթներից»,- նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

IMG (22) copyIMG (8) copyIMG (13) copy

Տիգրան Գասպարյան, Լուիզա Ղամբարյան, Արթուր Կարապետյան, Անուշիկ Առաքելյան, Անելիա Գուբրյան, Վահագն Մարտիրոսյան և այլք. դերասանական լավ կազմ է հավաքված մելոդրամայում՝ համոզված է Վարդան Հակոբյանը. «Ես թիմին միացել եմ այն ժամանակ, երբ արդեն ընթանում էին սերիալի նկարահանումները: Կան դերասաններ, որոնց հետ սա իմ առաջին փորձն է աշխատելու, իսկ շատերի հետ արդեն աշխատել եմ: Ցավոտ է, որ ոլորտում շատ տարածված է ոչ պրոֆեսիոնալ դերասանների հետ աշխատելը, բայց, հուրախություն ինձ, ես աշխատում եմ պրոֆեսիոնալ ու իրենց գործին լավագույնս տիրապետող դերասանների հետ, ինչը երևում է թե՛ կադրում, թե՛ աշխատանքի ընթացքում: Վստահեցնում եմ, որ հեռուստադիտողը կտեսնի ճկուն դերասանական խաղ ու որակյալ արտադրանք»:

Նկարահանումները հիմնականում իրականացվել են Երևանում: Պահանջվել է նկարահանման մոտ 40 օր աշխատանքն ավարտին հասցնելու համար: Ռեժիսորի համար ոչ միայն հաճելի է, այլև շատ կաևոր է նկարահանել 25 մասանոց ֆիլմ: Ասում է՝ կինոարտադրության մեջ նորություն բերելը շատ դժվար է, բայց ոչ անհնար. «Այս ֆորմատը թույլ է տալիս պահպանելով ոսկե միջինը մոտենալ կինոյի մտածելակերպին՝ ամբողջական պատկերացում ունենալով ընթացքի ու հանգուցալուծման մասին: Դա կարևոր է նաև չափաբաժինները որոշելու համար, այսինքն՝ թույլից աստիճանաբար ավելացնել տեմպերը՝ հասնելով կուլմինացիային, հակառակ դեպքում կորցնում ես հեռուստասերիալի տեմպն ու ընկնում ռիթմից: Օպերատորների հետ սինխրոն աշխատանքի արդյունքում մենք փորձել ենք կոտրել կարծրատիպերն ու ստանալ տեսարաններ, որոնք տարբերվում են ստանդարտից, խուսափել ենք պարտադրված խոշոր պլաններից: Կինոյի միզանսցենայով ու գեղագիտական կողմը պահելով՝ կարծում եմ՝ ստացել ենք լավ արտադրանք»,- եզրափակեց ռեժիսորը:

IMG (21) copyIMG (15) copyIMG (18) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել