ԱՄՆ Միսուրի նահանգի Սենթ-Լուիս քաղաքի դատարանը պարտավորեցրել է Johnson & Johnson ընկերությանը 417 միլիոն դոլար վճարել ամերիկուհուն, ով հայտարարել էր, որ ընկերության արտադրանքի օգտագործման հետևանքով հիվանդացել է քաղցկեղով։

Associated Press գործակալության տվյալներով՝ Կալիֆոռնիայի Մոդեստո քաղաքի բնակիչ Դեբորա Ջանեկին երկար ժամանակ օգտագործել է Johnson’s Baby մանկական ցանափոշի։ 2012թ․ բժիշկները նրա մոտ ախտորոշել են ձվարանի քաղցկեղ։

«Մենք ուրախ ենք, որ ատենակալները ճիշտ վճիռ կայացրին։ Նրանք հերթական անգամ հաստատեցին, որ Johnson & Johnson ընկերությունը պետք է մարդկանց զգուշացնի, որ այդ արտադրանքի օգտագործումը պարունակում է քաղցկեղի առաջացման վտանգ»,- հայտարարել է կնոջ փաստաբանը։

Ընկերությունը մտադիր է բողոքարկել վճիռը և պնդում է, որ Johnson’s Baby ցանափոշին լիովին անվտանգ է։ Նշենք, որ սա առաջին դեպքը չէ։ Մայիսին Միսուրի նահանգի ատենակալների դատարանը Johnson & Johnson ընկերությանը պարտավորցրել էր վճարել 55 միլիոն դոլար կնոջը, ով ևս հայտարարել էր, որ իր մոտ առաջացել է ձվարանի քաղցկեղ ընկերության արտադրանքի օգտագործման պատճառով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել