Հայտնի գրող Ռոբերտ Գրինը բոլոր կենդանիներին պայմանականորեն դասակարգում է երկու խմբի՝ անվանելով նրանց «մասնագետներ» և «օպորտունիստներ»։ Նշենք, որ Գրինը «օպորտունիստ» բառի մեջ դնում է ոչ թե սովորական՝ «համաձայնող» իմաստը, այլ ուրիշ նշանակություն՝ անգլերեն opportunity (հնարավորություն) բառից. նա, ով գործում է՝ օգտագործելով ստեղծված հնարավորությունները։

«Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունն ընկած է լինելու փողոցում, և մնում է միայն վերցնել այն»,- իր հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը պատրաստվում է ծավալել Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ հրապարակային շարժում՝ չունենալով «Ելք»-ի մյուս երկու ուժերի հավանությունը:

Նիկոլ Փաշինյանն «արհեստական և կեղծ քաղաքական օրակարգ» է ներկայացնում, որը հիշեցնում է ռուսական հայտնի` «после драки кулаками не мащут» ասացվածքը: Նիկոլն իր գործողություններով մարդկանց թյուրիմացության մեջ է գցում: Իրավիճակի անլրջության դասական ապացույցն այն է, որ Փաշինյանն անգամ իր խմբակցության անդամներին չի կարողանում համոզել իր պայքարի ճշմարտացիության մեջ:

Իրականում Փաշինյանի դժգոհություններն անհասկանալի են: Բերենք մի քանի ֆունդամենտալ փաստարկումներ. Նիկոլը քաղաքական գործիչ է, ինքն ու ի թիմը ընդունել են ԱԺ-ի ընտրությունների արդյունքները, նա ԱԺ-ում գործող խմբակցության ղեկավար է, ԱԺ խորհրդի անդամ է, շատ դեպքերում «կողմ» է քվեարկում նաև իշխանության որոշ նախաձեռնություններին, նա փաստացի օգտվում է Սահմանադրությամբ ինստիտուցիոնալ ընդդիմությանը տրված լիազորություններից` հարցապնդում է անում, հարց է բարձրացնում, լսումներ կազմակերպում: Այս ամենից հետո հարց է առաջանում․ Ն.Փաշինյանը համակարգայի՞ն ընդդիմություն է, թե՞ փողոցային:

Երբ մարգինալ ուժերն են փորձում փողոցային պայքար իրականացնել, էլի արհեստական, բայց ինչ-որ առումով հասկանալի  երևույթ է, քանի որ այդ ուժերն ուղղակի խոսափող չունեն իրենց խոսքը հանրայնացնելու, մեկն ուզում է իր մասին հիշեցնել, մյուսն ուզում է ասել, որ ինքը քաղաքական առումով դիակ չէ և այլն: Իսկ Փաշինյանի դեպքը նշված ոչ մի թեզի մեջ ուղղակի չի տեղավորվում:

Փաշինյանի հիմնավորումը, որ ապրիլի 9-17-ը Սերժ Սարգսյանը չի ունենալու պաշտոն, ոստիկանության և ԱԱԾ-ի հրամանատարի կարգավիճակ, կառավարություն էլ չի լինելու ու այդ մեկ շաբաթում իշխանափոխությունը հրապարակում «գցած» է լինելու. այստեղ ունենք արդեն «երկրորդ բլեֆը»: Հայաստանում իշխանությունն անձնավորված չէ:

Բոլոր փորձերը`վարչապետի ընտրությունը ներկայացնել հետընտրական, նախընտրական կամ իշխանափոխության գործընթաց, ոչ այլ ինչ են, քան բլեֆ: Եվ առնվազն անընդունելի է մեղադրել ժողովրդին, ինչը վերջերս տարբեր առիթներով անում է պատգամավոր Փաշինյանը:

Հայաստանում իշխանությունը երբեք ընկած չի եղել, այն էլ՝ փողոցում կամ հրապարակում: Հայաստանում փողոցում կամ հրապարակում «վեր ընկած» է եղել ընդդիմադիր միտքը, հանրային կենսագործունեության տարածքներ ներթափանցելու և ինստիտուտներ ձևավորելու փոխարեն: Ի վերջո, խնդիրը նաև հենց այն է՝ առավել ևս Հայաստանի պայմաններում, հաշվի առնելով արտաքին օբյեկտիվ բարդագույն մարտահրավերները, որ իշխանությունը փոխվի ոչ թե ընկնելով, այլ փոխանցվելով:

Ընդդիմության և հանրության կապը Հայաստանում գրեթե մշտապես եղել է անձի, լիդերի հանդեպ վերաբերմունքը կամ առավելագույնը ընկերական-բարեկամական-հարազատական կապը: Փաստացի բացակայել է հանրություն-ընդդիմություն փոխադարձ մասնակցային մեխանիզմը, կամ, ինչպես հենց Նիկոլն էր տարիներ առաջ ճշգրիտ բանաձևել, ընդդիմությունը Հայաստանում չի եղել ինստիտուցիոնալ:

Հ.գ. «Օպորտունիստները» չունեն այդչափ հստակ մասնագիտացում։ Դրա փոխարեն նրանք ունեն այլ հմտություն՝ փնտրել ամեն մի հնարավորություն և կառչել դրանից՝ հարմարվելով միջավայրի բոլոր փոփոխություններին։ Նրանք գտնվում են մշտական լարվածության մեջ, զգայուն արձագանքում տարբեր արտաքին ազդակներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել