Tert.am-ը գրում է.

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ ռուս-թուրքական օրակարգը բազմաոլորտ է,  և ապրիլի 3-ին Ռուսաստանի վերընտրված նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա կարևոր խնդիրների քննարկմամբ է ընթանալու:

«Երկու երկրներն ունեն բավականին լուրջ տնտեսական, քաղաքական հարաբերություններ, կա նաև հարաբերություններում ռազմական բաղադրիչ, օրինակ՝ Ս-400-ի հետ կապված, որն ունի նաև քարոզչական նշանակություն: Ս-400 գնելով՝ Թուրքիան ժեստ է անում ընդդեմ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի»,- ասաց նա:

Հանդիպումը, ըստ թուրքագետի, նաև պետք է դիտարկել տարածաշրջանային քաղաքական գործընթացների համատեքստում: «Տարածաշրջանում սկսվում են լրջագույն գործընթացներ, և փոխվում է խաղաոճ, ինչպես նաև՝ փոխվում են դերակատարների ունեցած նախկին ազդեցությունը: Ըստ նրա՝ այստեղ խաղացողները մշտապես ասում են, որ տարածաշրջանում գործընթացներին միջամտելու, մասնակցելու իրավունքներ ունեն այն պետությունները, որոնք գտնվում են այստեղ»,- ասաց նա:

Նա մատնանշեց` Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի արտգործնախարարների հանդիպումներում նրանց միավորող մոտեցումը խարսխված է նրա վրա, որ իրենք են  տարածաշրջանի հզոր պետությունները, և իրենք պետք է ունենան խոսք և առավել ազդեցիկ իրավունք: Նկատեց, որ այս պետություններին առավել շատ միավորում է ԱՄՆ-ին տարածաշրջանից հանելու ցանկությունը:

«ԱՄՆ-ի դերակատարման մեծացումն այս տարածաշրջանում ձեռնտու չէ, նախ և առաջ զարգացող Ռուսաստանին, Իրանին, որն ունի տարաձայնություններ վաղուցվանից ԱՄՆ-ի հետ, և արդեն այդ մոտեցմանը հարում է նաև Թուրքիան, որն արդեն ավելի ինքնուրույն քաղաքականություն է վարում»,- ասաց նա:

Ըստ Ռուբեն Մելքոնյանի՝ այս համատեքստում պիտի դիտարկենք նաև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում վերջին շրջանում նկատվող դրական միտումները և որոշ ոլորտներում էական առաջընթացը:

Թուրքագետը նաև մատնանշեց, որ Ռուսաստանը և Թուրքիան լուռ համաձայնություն ձեռք բերեցին նաև տարաձայնություններ եղած սիրիական հիմնահարցում, պայմանավորվածություններ եղան Սիրիայի Աֆրինի տարածքների վերաբերյալ:

«Կա լուռ համաձայնություն, որ Ռուսաստանը որոշակի գործողություններ պետք է անի Սիրիայի կոնկրետ հատվածներում, որոնք իր համար ունեն մեծ նշանակություն, և դա արվեց: Ռուսաստանը պետք է կարողանար պատժել իսլամական ծայրահեղականներին և այդ պարագայում Թուրքիայից պահանջվում էր իսլամական ծայրահեղականներին հանձնել ռուսներին, իսկ  իսլամական ծայրահեղականներին, հայտնի է, սատարում էր Թուրքիան: Տեսանք, որ Ռուսաստանի կողմից պատժիչ գործողությունների ժամանակ Թուրքիան ծախեց իր դաշնակիցներին: Դրա դիմաց, Ռուսաստանն էլ այսօր շատ ակտիվ չի արձագանքում Թուրքիայի կողմից Աֆրինում իրականացվող ռազմական գործողություններին, որոնք շատ վտանգավոր են և ունեն աճելու միտում»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել