Սա տեղի է ունեցել շուրջ 2,000 տարի առաջ: Մեր թվարկության 250-ական թվականներին պարսիկները փորձել են գրավել Դուրա քաղաքը, որը գտնվում էր Եփրատ գետի ափին: Այդ ժամանակ քաղաքը, պատսպարված մի քանի մետր լայնություն ունեցող պատերով, պատկանում էր հռոմեացիներին: Պարսիկները պատրաստվում էին պատերի տակ թունել փորել, որպեսզի առավել հեշտությամբ նվաճեն քաղաքը: Նրանք շարունակում էին իրենց նպատակին հասնելու համար նախատեսված գործողություններն իրականացնել, երբ հռոմեացիները սկսեցին քանդել թունելը հակառակ կողմից՝ պարսիկներին կանգնեցնելու համար:

Առաջին անգամ թունելների վերաբերյալ այս պլանը նկարագրել է ֆրանսիացի հնագետ Ռոբեր դյու Մեսնիլ դյու Բյուիսոնը, ով ինքնուրույն նշված վայրերում պեղումներ է իրականացրել նախորդ դարի 20-ական թվականներին: Թունելում նա հայտնաբերել է հռոմեացի 19 զինվորների և միայն մեկ պարսիկ զինվորի մարմիններ: Վերջինիս մարմնին ամրացված են եղել նրա զենքն ու սրահը: Հնագետը եզրակացրել է, որ զինվորների մեջ ձեռնամարտ է ընթացել, և պարսիկներին հաջողվել է հռոմեացիներին մտցնել իրենց պատրաստած թունել, որից հետո հրկիզել են հակառակորդներին: Հողի տակ հնէաբանները հայտնաբերել են ծծմբի և խեժի բյուրեղներ: Վերջիններիս առկայությունը վկայում է, որ կրակն ուժգին է եղել, և առաջացած հրդեհը արագորեն մեծ թափ է հավաքել:

Սակայն, ըստ Լեյցեստերի համալսարանի հնագետ ու պատմաբան Սայմոն Ջեյմսի՝ դեպքերի զարգացման այս սցենարում որոշ անհամապատասխանություններ կան: Առաջին հերթին՝ քիչ հավանական է, որ մարտիկների միջև ձեռնամարտ տեղի ունեցած լինի, քանի որ թունելները շատ ցածր էին, հետևաբար նաև անհարմար այդպիսի մարտի համար: Այնուհետև, եթե դիտարկենք հռոմեացիների գտնված մարմինների դիրքը (նրանք «լցված» էին իրար վրա, ինչպես մի կույտ), ապա պարզ կդառնա, որ նրանց չեն այրել: Պարզ է, որ հռոմեացիները փորձել են դուրս սողոսկել թունելից, սակայն Սայմոնի գործընկերոջ կարծիքով՝ հռոմեացիները փախչել են հատկապես ծխից ազատվելու համար:

Պատմաբան Անդրիան Մեյորը, ով հին ժամանակների կենսաբանական և քիմիական զենքերի վերաբերյալ հրատարակած գիրք ունի, ասում է, որ Դուրայի պաշարման ժամանակ քիմիական զենքն արդեն իսկ հայտնի էր մարդկությանը: Հնագույն օրինակը կարելի է համարել մ.թ.ա. 189 թ. տեղի ունեցած մարտը, երբ հույները հավի փետուրներ այրեցին և ծխով լցրին թունելները: Մերձավոր Արևելքում հրդեհներ էին առաջացնում՝ օգտագործելով լեռան խոժն ու անմշակ նավթը: Ֆինները ևս «գյուտարարներ» են եղել. նրանք վահանների վրա ավազի խառնուրդներ էին այրում, ապա դրանք նետում հակառակորդի կառուցած պատերից ներս: Տաք ավազը, հպվելով մաշկին, ամբողջությամբ այրում էր այն: Հետևաբար ավելի քան հավանական է, որ պարսիկները ևս քիմիական զենք են կիրառել Դուրայի պաշարման ժամանակ:

Ելնելով այս վարկածից՝ դեպքերի զարգացումը հետևյալ կերպով կարելի է նկարագրել. երբ հռոմեացիները հասկացել են, որ պարսիկները թունել են փորում, նրանք նույն գործով են սկսել զբաղվել: Նրանց թունելը գետնի մակերևույթին ավելի մոտ էր, և հռոմեացիները հուսով էին, որ պարսիկների վրա հարձակում կգործեն վերևից: Սակայն նրանք հաշվի չէին առել, որ պարսիկները ևս լսում են, թե ինչպես են իրենք թունել փորում:

Պարսիկները թակարդ լարեցին. նրանք իրենց թունելում կրակ վառեցին, և դրա մեջ ծծումբ ու լեռնային խեժ ավելացրին: Հնարավոր է՝ հենց այդ ընթացքում էլ զոհվել է վերոնշյալ մեկ պարսիկ զինվորը: Երբ հռոմեացիները հասել են թունելին, այն լի է եղել ծխով, որը վերջիններիս թոքերում վերածվել է ծծմբական թթվի: Երբ ծուխն անհետացել է, պարսիկներն ավերել են հռոմեական թունելը և զոհված զինվորների մարմինների կույտ են թողել տարածքում՝ չհասցնելով դրանց թալանել: Հենց այդ դիրքով էլ նրանց գտել է դյու Մեսնիլը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել