Համաշխարհային հանրության ուշադրությունը շարունակում է հետևողականորեն հետևել Մերձավոր Արևելքում ընթացող աշխարհաքաղաքական զարգացումներին, որոնք բավականին ուշագրավ դրսևորումներ են ցուցաբերում:

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հաղորդել է, որ ապրիլի 3-ին Անկարայում տեղի կունենա բարձրամակարդակ համագործակցության խորհրդի նիստը Էրդողանի ու Պուտինի մասնակցությամբ: Նախարարի խոսքով` նախագահները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր ու տարածաշրջանային խնդիրներ: Սկզբում նրանք կմասնակցեն Մերսինում Ակկույու ԱԷԿ-ի կառուցման սկզբի արարողությանը:

Ըստ էության, Պուտինի այցը Թուրքիա կդառնա նրա առաջին արտասահմանյան ուղևորությունը նախագահական ընտրություններում համոզիչ հաղթանակից հետո: Նախագահական ընտրություններ Էրդողանին սպասվում են 2019-ին: Նա պատրաստվում է ընտրություններին արտաքին քաղաքականության հաջողություններով` ռուսական, սիրիական ուղղություններում, Արևմուտքի հետ գործերը չեն ստացվում: Անկարան կարողացավ հաղթել Աֆրինում, թեպետ կային կանխատեսումներ, որ «Ձիթենու ճյուղը» կձգվի մինչև մայիս: Ամերիկացիները Թուրքիայից պահանջում էին դադարեցնել հարձակումը:

Թուրքիայի նախագահն իր քաղաքական հեղինակությունն էր դրել կշեռքի նժարին: Ձախողման դեպքում նա կարող էր խարխլել հեղինակությունը և՛ երկրի ներսում, և՛ դրսում, որ հեռանկարում կարող էր հանգեցնել իշխանության կորստի, բայց Էրդողանը վաբանկ գնաց: Նա չտրվեց ԱՄՆ-ի ճնշումին, որ պահանջում էր խզել ռուսական С-400 համակարգերը գնելու գործարքը: Չավուշօղլուն հայտարարեց, որ Անկարան չի հանդուրժի Վաշինգտոնի «հրամայական տոնը» ինչ զենք ու ումից գնելու հարցում և նույնիսկ սպառնաց «պատասխան գործողություններով», եթե ԱՄՆ-ն Անկարայի դեմ պատժամիջոցներ կիրառի: Դա աննախադեպ էր: Թուրք սոցիոլոգները նշում են, որ արդյունքում մեծացել է վստահությունը պետության ու կառավարության նկատմամբ:

Հայտնի Bloomberg պարբերականը չի բացառում, որ Էրդողանը «կարող է օգտագործել հասարակական էնտուզիազմն ու արտահերթ ընտրություններ հայտարարել»: Դա տրամաբանական կլիներ: Մերձավոր Արևելքում իրավիճակը արագ է փոփոխվում, առավել ևս, որ թուրք սպառողի ու փորձագետների աչքում Էրդողանը հաջողակ ռազմավարի համբավ ունի, որ ալյանս է կազմել ՌԴ հետ ու ցուցաբերում է աննախադեպ ռևիզիոնիզմ Արևմուտքի հետ հարաբերություններում: Հարցը միայն Սիրիան չէ: Եթե Արևմուտքը Մերձավոր Արևելքում նոր աշխարհակարգ հաստատելու իր ծրագրերում Թուրքիան դիտարկել ու դեռ դիտարկում է աշխարհաքաղաքական նախագծերի իրականացման գործիք, Ռուսաստանի հետ Թուրքիայի ալյանսը լիարժեք տարածաշրջանային սուբյեկտի դեր է բերում, որ կարող է մասնակցել, ոչ թե հետևել նոր աշխարհակարգի հաստատմանը:

Թուրքական մամուլի փոխանցմամբ` Էրդողանն իբրև չափազանց լավ լուր է ընդունել Պուտինի հաղթանակը մարտի 18-ի ընտրություններում: Դա նրան «վստահություն է ներշնչել, որ հետագա սերտ համագործակցությունը ՌԴ նախագահի հետ ապահովված է տեսանելի ապագայում» և նա հավատաց «իր հաղթանակին առաջիկա նախագահական ընտրություններում»:

Դա կարևոր է, որովհետև «Պուտինն ու Էրդողանը տարբեր պատճառներով հայտնվում են Արևմուտքի ճնշման տակ, ու համամասնորեն աճում է Անկարայի կախումը Մոսկվայից ու Էրդողանի խորթացումն Արևմուտքից, երբ երկու երկրների լավ կապերի անհրաժեշտությունը մեծանում է»: Բայց Մոսկվայի ու Անկարայի ալյանսը պետք չէ ռոմանտիկացնել: Ալյանսը կարող է վերաճել ռազմավարական դաշինքի, կարող է չվերաճել:

ԱՄՆ շատ փորձագետներ նախագահ Դոնալդ Թրամփին կոչ են անում «չկորցնել Թուրքիան, ինչպես Պակիստանը», որովհետև «Պուտինը կարող է հայտնվել Մերձավոր Արևելքի սրտում ու կանխորոշել իրադարձությունների զարգացումն այդ տարածաշրջանում»: Այդ վերլուծաբանները գործնականում վստահ են, որ «Թուրքիան նախկինի պես դեմ է Իրանի էքսպանսիային ու զգուշանում է Ռուսաստանից պատմական ու աշխարհագրական պատճառներով», իսկ դրեյֆը դեպի Մոսկվա բացատրվում է «ԱՄՆ-ի սխալներով, որ դեռ կարելի է ուղղել` ճկունություն դրսևորելով սիրիացի քրդերին աջակցության հարցում»:

Մոսկվան իր հերթին տեսնում ու հասկանում է, որ Թուրքիան փորձում է բազմավեկտոր քաղաքականություն վարել: Բայց թուրքական դիվանագիտությունն արդեն հազիվ թե Արևմուտքին զիջի իր ձեռքբերած նոր որակները, եթե Արևմուտքն արմատական փոփոխություններ չանի իր տարածաշրջանային քաղաքականության մեջ, ոչ թե միայն քրդերի հարցում: Այդ պատճառով Անկարայում Թուրքիայի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը կարևոր նշանակություն է ստանում: Եթե Պուտինին հաջողվի հաշտեցնել Էրդողանին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ, ընդհանուր դիրքորոշում ունենալով` երկու հարևանները կարող են արմատականորեն փոխել իրադարձությունների զարգացումը տարածաշրջանում, վերացնել Սիրիայում ամերիկացիների ներկայության դրդապատճառները, առավել լայն աշխարհաքաղաքական հեռանկարներ ստանալ: Էրդողանը լրացուցիչ քաղաքական միավորներ կստանար, որ կարող է օգտագործել 2019-ի (կամ 2018-ի) նախագահական ընտրություններում:

Պակաս լուրջ մտածելիք ու ընտրելիք չունի Բաշար Ասադը: Թուրքիան չի պատրաստվում հեռանալ Աֆրինից ու վտարված քրդերի փոխարեն թուրքերով է բնակեցնում քաղաքը, ավելին` պատրաստվում է շարժվել Մանբիջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել