«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին ազատել ադրբեջանցի լրագրող Ֆիկրեթ Հուսեյնլիին: Այդ նպատակով կազմակերպությունը դիմել է Ուկրաինայի դատախազ Յուրի Լուցենկոյին:

Ադրբեջանի իշխանության խնդրանքով լրագրողը 2017 թվականի հոկտեմբերին ձերբակալվել է Ուկրաինայի իրավապահների կողմից և նույն ադրբեջանական իշխանությունը պահանջում է, որպեսզի նրան հանձնեն Ադրբեջանի իրավապահներին։

Հիշեցնենք, որ Ֆիկրեթ Հուսեյնլին Ադրբեջանում եղել է «Ազադլիգ» ընդդիմադիր թերթի աշխատակիցը: 2006 թ. մարտին Բաքվում գտնվող Փաթամդար գյուղում առևանգվել և ծեծի է ենթարկվել դիմակավոր տղամարդկանց կողմից, ինչի արդյունքում ստացել է ծանր վնասվածքներ, այդ թվում` դանակի վերքեր: 2008 թվականին լրագրողը Ադրբեջանից արտագաղթել է: Նա Նիդերլանդներում ստացել է փախստականի կարգավիճակ և այժմ այդ երկրի քաղաքացի է:

2017 թ. հոկտեմբերի 14-ին Ուկրաինայի սահմանապահները ձերբակալել են Հուսեյնլիին «Բորիսպոլ» օդանավակայանում Ադրբեջանի խնդրանքով: Լրագրողը մեկնել է Կիև` «Թուրան TV» արբանյակային հեռուստաալիքի մասնաճյուղի բացմանը ներկա գտնվելու համար:

2017 թ. հոկտեմբերի 27-ին Կիևի դատարանը որոշեց ազատ արձակել Ֆիկրեթ Հուսեյնլիին` Ուկրաինայի խորհրդարանի անդամ Նիկոլա Կնյազսկիի երաշխավորությամբ:

Լրագրողը նախկինում դիմել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն, որպեսզի նրանք օգնեն իրեն վերադառնալ Նիդերլանդներ։

«Ցավոք, ես այժմ ապրում եմ Ուկրաինայում որպես Ադրբեջանի քաղաքական պատանդ, ես այն ուժերի պատանդն եմ, որոնք վերահսկվում են Կրեմլից: Ես իրավունք չունեմ հեռանալ Կիևից, իմ անձնագիրը խլել են, ես դարձել եմ մարդ առանց իրավունքների: Ես կորցրել եմ իմ աշխատանքը Նիդերլանդներում, և ինձ պարտքով գումար է անհրաժեշտ Կիևում ապրելու համար։ Ես դիմում եմ ձեզ խնդրանքով օգնել ինձ հետ ստանալ իմ անձնագիրն ու անվտանգ վերադառնալ Նիդերլանդների Թագավորություն»,- գրում է նա իր ուղերձում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել