«Երեկվա դատական նիստում հրապարակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի անունները։ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։

Այս գաղտնալսումները խիստ ուշագրավ են «ծռության» արժեքային կողմնորոշումները բացահայտելու, բայց նաև` այսօրվա քաղաքական գործընթացների համատեքստում, որովհետև իրադարձությունները կարող են բերել նրան, որ «ծռերն» ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում պահանջեն Սերժ Սարգսյանի հեռացումը:

2016-ի օգոստոսին գուցե քչերի համար էր ակնհայտ, սակայն այս գաղտնալսումները բացահայտում են, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունների թիրախը ոչ միայն իշխանություններն են, այլ քաղաքականությունն առհասարակ:
Զինված խմբի անդամները նույն լեքսիկոնով, բառամթերքով խոսում են` ինչպես «ատելի» իշխանության, այնպես էլ` «փափկասուն» ընդդիմության մասին: Որտեղ հնչում են կրակոցներ, վերանում է քաղաքականության և ահաբեկչության սահմանը` այնտեղ բացարձակ անհանդուրժողականություն է այլ կարծիքի, դիրքորոշման հանդեպ: Եթե ՊՊԾ գնդի գրավումն ավարտվեր իշխանության տապալմամբ, ապա Հայաստանում որակական որևէ փոփոխություն չէր լինելու. քրեաօլիգարխիային փոխարինելու էր ռազմական խունտան, որը դարձյալ առաջնորդվելու էր ոչ թե օրենքի, այլ միայն իրեն հասու «ճշմարտության» թելադրանքով:

Այս իրողությունների, այսօր հրապարակված հեռախոսային գաղտնալսումների համատեքստում խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրերին «Սասնա ծռեր»-ի համակիրներն ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում կարող են պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրած քաղաքական ուժերը հետագայում դարձել են դաշնակիցներ` գոնե տակտիկական առումով, կոնկրետ խնդիր սպասարկելու նպատակով: Սակայն այս դեպքում, մենք գործ ունենք որակապես այլ իրավիճակի, հանգամանքների հետ, որովհետև խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական մարտավարական հակասություններին, այլ` գլոբալ հարցադրման. քաղաքականությունն ընդունել-չընդունելու երկընտրանքին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել