Tert.am-ը գրում է.

ՀՀ-ում չկան կոլեկտիվ բիզնեսի ավանդույթ և նախապայմաններ, այն շատ հեռանկարային է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Հայկ Բալանյանը: «Մի ճանապարհ կա, որը կարող է ուղղել վիճակը: Եթե պետությունը համարվում է անկողմնակալ խաղացող և եթե պետությունը փորձի բիզնես ընկերություն կազմակերպել, ապա բաժնետոմսերը վաճառքի կհանվեն և պետության երաշխավորությամբ բաժնետիրական կապիտալ կձևավորվի»,- ընդգծեց նա: Տնտեսագետի խոսքով՝ մի քանի նման հաջողված օրինակ լինելու դեպքում ներդրումների այս մեխանիզմը կսկսի զարգանալ. «Այն շատ հեռանկարային է: Սա մի կողմից թույլ կտա ընկերություններին խոշոր կապիտալ հավաքել ոչ բանկային տոկոսներով, մյուս կողմից էլ ներդրումներ կլինեն»,- նշեց Հայկ Բալանյանը:

- Արդարադատության նախարարությունից հայտարարել են բիզնես ռեգիստրի համակարգի ներդրման մասին, ինչպես նաև նշվում է, որ մինչև 2018 թ. ապրիլ գործարկվելու է նմուշային ձևերով ՓԲԸ-ների գրանցումը, որը հնարավորություն է տալիս տեղում գրանցել փակ բաժնետիրական ընկերություն՝ 15 րոպեի ընթացքում:

Ի՞նչ եք կարծում, սա որքանո՞վ կնպաստի նոր բիզնեսների ստեղծմանը և ընդհանրապես ներդրումների ներգրավմանը: Իրականում հենց այսպիսի՞ քայլեր են պետք տնտեսությունում նոր ներդրումներ ունենալու համար:

- Սրանք ձևական արարողակարգեր են: Միայն գրանցման ձևերը զարգացնելով, որն ընդունված է աշխարհում, հնարավոր չէ տնտեսության, ներդրումների, շուկայի կայացման խնդիրները լուծել: Պատճառը գրանցամատյանների առկայությունը կամ բացակայությունը չէ: Մինչև այս էլ, 10 տարի առաջ էլ ինչ-որ բաներ արվել են, բայց հիմնական պատճառը, որ մեզ մոտ չի ստացվում, այդ գրանցամատյանների դասակարգումը չէ: Որպես աշխատանք դա երևի պետքական է, չեմ ասի, որ ընդհանրապես պետք չէ, թող անեն, բայց մտածել, որ դա փոփոխություններ կբերի բիզնես-մշակույթում կամ կխթանի ներդրումները դրսից, արդեն ճիշտ չէ: Ինչ վերաբերում է ՓԲԸ-ներին, ապա կոլեկտիվ բիզնես տնտեսավարումը, որը մեզ մոտ չի զարգանում, որովհետև մարդիկ իրար չեն վստահում: Մեզ մոտ չկա կոլեկտիվ բիզնեսը, կոլեկտիվ գործողության ավանդույթը և նախապայմանները: Դրա համար գրանցում կլինի, թե չի լինի, բաժնետիրական ընկերությունները ձևական բնույթ են կրում: Երկու եղբայր են, ազգ ու տակն է, կամ մոտ ընկերներ են, որոնք ձևական տոկոսներ ունեն:

- Իսկ ի՞նչ քայլեր պետք է արվեն, որոնք կնպաստեն նոր բիզնեսների ստեղծմանը, ներդրումներ բերելուն:

-Կարևոր է հենց կոլեկտիվ բիզնեսի մշակույթի գաղափարը, որտեղ մեծ անելիք ունի նաև պետությունը: Արևելյան մշակույթում ընդհանրապես, Չինաստան, Ճապոնիայից մինչև արաբական աշխարհ և մեր տարածաշրջան, համատեղ բիզնեսի ավանդույթը բավականին թույլ է: Մինչև հիմա ասենք նույն ճապոնական, չինական ընկերություններում նորից ընտանիքի անդամներն են, մեկ գերդաստանի մարդիկ, որոնք իրար ճանաչում են: Բավականին դժվար և տասնամյակների ճանապարհ է, որպեսզի փոփոխություն կատարվի այստեղ: Ես կարծում եմ, որ դա այդքան հեշտ չի ուղղվի, մի ճանապարհ կա, որը կարող է ուղղել. դա այն է, որ պետությունը համարվում է անկողմնակալ խաղացող և պետությունը կփորձի բիզնես ընկերություն կազմակերպել, որտեղ բաժնետոմսերը վաճառքի կհանվեն և պետության երաշխավորությամբ բաժնետիրական կապիտալ կձևավորվի: Եթե մի քանի նման հաջողված օրինակներ լինեն, ներդրումների այդ մեխանիզմը, որը մեզ մոտ չկա, իմ կարծիքով՝ կամաց-կամաց կսկսի զարգանալ, որովհետև այն շատ հեռանկարային է: Սա մի կողմից թույլ կտա ընկերություններին խոշոր կապիտալ հավաքել ոչ բանկային տոկոսներով, մյուս կողմից էլ ներդրումներ կլինեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել