Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ-ում երեխաների դեմ ուղղված հանցագործությունների աճի միտում է գրանցվում: Երեխաների նկատմամբ հիմնականում կատարվում են սեռական բնույթի, առողջության, կյանքի, ազատության դեմ ուղղված հանցագործություններ: Այս մասին հայտարարել է Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը՝ ելույթ ունենալով «Անչափահասների մասնակցությամբ հանցագործությունների քննությունը» թեմայով միջազգային կոնֆերանսում:

«Մենք ապրում ենք գլոբալացման դարաշրջանում, որի մասնակից են նաև անչափահասները, ովքեր, իրենց տարիքային, հոգեբանական, սոցիալական և այլ հատկանիշներից ելնելով, կարող են ընկնել այլ անձանց ազդեցության տակ: Հազվադեպ չեն դեպքերը, երբ այդ «վստահությունը» հանգեցնում է անչափահասին հանցավոր գործունեության մեջ ներգրավելուն կամ նրան դարձնում խոցելի վիկտիմոլոգիական տեսանկյունից»,- ասել է ՔԿ նախագահ Ա.Հովսեփյանը:

Նա փաստել է, որ այս, հարցը հատկապես վերջին տարիներին, բավական ակտուալ է դարձել։ ՀՀ Քննչական կոմիտեն, իր նախաձեռնությամբ, սկսել է վարել երեխաների դեմ ուղղված և ընտանեկան բռնությանը վերաբերող հանցագործությունների հատուկ վիճակագրություն, որի շնորհիվ ձևավորվել է հստակ տեղեկատվություն՝ անչափահասների մասնակցությամբ կամ նրանց դեմ կատարված հանցագործությունների շարժընթացի վերաբերյալ, ինչին էլ համապատասխան մշակվել է քրեաիրավական քաղաքականությունը, կատարվել մի շարք օրենսդրական փոփոխություններ։

ՔԿ հրապարակած հաղորդագրության համաձայն, քննչական կոմիտեում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 2015-2017 թթ.ընթացքում ՀՀ-ում կատարված բոլոր հանցագործությունների 1 տոկոսը կազմում են սեռական հանցագործությունները, ինչի մեծ մասը կատարվել է երեխաների նկատմամբ:

Այսպես՝ 2015թ. ընթացքում ՀՀ ՔԿ վարույթում սեռական հանցագործությունների վերաբերյալ քննվել է 131 քրեական գործ, որից 84-ը կատարվել է երեխաների նկատմամբ (սեռական հանցագործությունների ընդհանուր թվի 64 տոկոս), 2016թ. ընթացքում քննվել է 157 քրեական գործ, որից 110-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (70 տոկոս), իսկ 2017թ. ընթացքում քննվել է 161 քրեական գործ, որից 101-ը՝ կատարված երեխաների նկատմամբ (62.7տոկոս): Սույն վիճակագրական տվյալները փաստում են, որ նախորդ տարի նկատվել է երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի հանցագործությունների որոշակի նվազում, այդուհանդերձ ցուցանիշը խիստ մտահոգիչ է, և փաստում է սոցիալական ծառայությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքները շարունակելու կարևորությունը։

Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, նման հանցագործություններից տուժած անչափահասների գերակշիռ մասը 14-16 տարեկան երեխաներն են, ամենափոքրը՝ 4 տարեկան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել