Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվեց ՍԴ անդամների կազմից առաջադրված Հրայր Թովմասյանը:
Խորհրդարանում, ամփոփելով ընտրության արդյունքները, ՀՀ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 94-ը, անվավեր է ճանաչվել 2 քվեաթերթիկ, 64 պատգամավոր կողմ է քվեարկել, 27-ը` դեմ։

Հրայր Թովմասյանն ԱԺ ամբիոնից շնորհակալություն հայտնեց վստահության համար, նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին՝ իր թեկնածությունն  առաջադրելու համար: «Ինչպես հնչեց, լավ ՍԴ նախագահ, թե ՍԴ լավ նախագահ, խոստանում եմ, երկուսն էլ կլինեմ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի ստորագրած արձանագրության համաձայն՝ մարտի 8-ից դադարեցվել են Գագիկ Հարությունյանի լիազորությունները Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում։ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում առաջադրել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: 

Նշենք, որ Սահմանադրական դատարանը բաղկացած է 9 անդամից: Դատարանի անդամները պաշտոնավարում են մինչև 70 տարին լրանալը, 2005 թվականի փոփոխություններով նրանք պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը: Օրենքով, եթե որևէ դատավորի պաշտոնավարման ժամկետը լրացել է, սակայն նա իր վարույթում ունի որևէ գործ, ապա նրա պաշտոնավարման ժամկետը կարող է երկարացվել, բայց ոչ ավելի, քան 6 ամիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել