Միայն մեկ անգամ ու բացառապես կենդանի հնչողությամբ մարտի 27-ին հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելելու աշխարհահռչակ լեգենդար խմբի՝ «Modern Talking» բենդի սիրված ու չհնացող կատարումները: Համաշխարհային շրջագայությունները Թոմաս Անդերսին և «Modern Talking» բենդին վերջապես Երևան են բերել: «You՛re My Heart, You՛re My Soul», «Cheri Cheri Lady», «Brother Louie», «No Face, No Name, No Number»… Այս ու այլ երգերը 80-ականների լավագույն հիթերն էին, խմբի այցեքարտը: Չնայած տարիների վաղեմությանը՝ դրանք այսօր էլ դեռ չեն կորցրել իրենց արդիականությունը:

«Էլ Էյ Քոնսըրթ» գրուպի և հայկական «Յունիթի փրոդաքշնիա համատեղ ջանքերով կազմակերպված Թոմաս Անդերսի և «Modern Talking» բենդի կենդանի համերգը մեծ իրադարձություն է լինելու ոչ միայն երգերի, այլև շոուի առումով. ««Modern Talking»-ի երգերը շատ սիրված են Հայաստանում, ինչը վկայում է հայ հանդիսատեսի մեծ հետաքրքրվածությունը և ոգևորությունը համերգի նկատմամբ։ Մեծ շոու ծրագիր է սպասվում, վառ լուսային էֆեկտներով, կենդանի ձայնով և նվագակցությամբ, որը հետաքրքիր կլինի նաև երիտասարդներին։ Մենք նկատել ենք, որ շատ երիտասարդներ տոմսեր են գնում նաև իրենց ծնողների, տատիկ-պապիկների համար՝ մեկնաբանելով, որ յուրահատուկ նոստալգիա է սպասվում նրանց: Բացի այդ՝ համերգը հասանելի է բոլոր խավերին, քանի որ տոմսերը բավական մատչելի են․ սկսվում են 5000 դրամից»,- նշում են կազմակերպիչները:

Թոմաս Անդերսը վերջերս տեսաուղերձ էր հղել հայ երկրպագուներին և նրանց հրավիրել միասին վայելելու խելահեղ ռոքային համերգը: Ի դեպ՝ համերգի հանդիսատեսի շարքերում են լինելու ոչ միայն հայաստանցիներն, այլև՝ այլազգիներ, մոտ 3000 հյուր՝ Վրաստանից, Ռուսաստանից, Իրանից և եվրոպական այլ երկրներից: Նշենք, որ «Modern Talking»-ի 9 անդամները Հայաստան կայցելեն համերգից 2 օր, Թոմաս Անդերսը՝ 10 ժամ առաջ:

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել