168.am-ը գրում է.

ԱՄՆ Արիզոնա նահանգում Uber-ի կողմից տեստավորվող ինքնավար մեքենան, որն ունեցել է արտակարգ իրավիճակների դեպքում պահուստային վարորդ, հարվածել է 49-ամյա կին հետիոտնին ու նրա մահվան պատճառը դարձել: Սա համարվում է առաջին դեպքը, երբ հետիոտնի մահը կապվում է ինքնավար տեխնոլոգիաների հետ:

Ընկերությունն արագորեն կասեցրել է ինքնավար մեքենաների տեստավորումը Տեմպեում (որտեղ դեպքը պատահել է), ինչպես նաև Փիթսբուրգում, Սան Ֆրանցիսկոյում և Տորոնտոյում: Այս մասին գրում է «The New York Times» պարբերականը:
Ըստ ամերիկյան լրատվամիջոցի` Տեմպեի ոստիկանության խոսնակն ասել է, որ Volvo XC90 մակնիշի սպորտային մեքենան ընթացել է 40 մղոն/ժամ արագությամբ, երբ հարվածել է Էլաին Հերցբերգին, ով փողոցով քայլում էր հեծանիվը բռնած:

Ոստիկանությունից հավելել են, որ, ինչպես երևում է, ինքնավար ավտոմեքենան չի դանդաղեցրել իր ընթացը հարվածի պահին, իսկ արտակարգ իրավիճակների համար նախատեսված վարորդը իրավիճակի վատթարացման նշան ցույց չի տվել: Եղանակը եղել է պարզ ու չորային: Հոդվածագրի խոսքով` պատահարը այն բանի վկայությունն է, որ ինքնավար տեխնոլոգիան դեռևս փորձարկման փուլում է, և կառավարությունները փորձում են հասկանալ, թե ինչպես կարող են կարգավորել այն:

Հայտնի չէ՝ Արիզոնայի վթարը կստիպի՞ այլ ընկերություններին կամ նահանգային իշխանություններին դանդաղեցնել ինքնավար մեքենաների տեղակայումը հանրային ճանապարհներին:

«Այս ողբերգական պատահարը պարզ է դարձնում, որ ինքնավար մեքենաների տեխնոլոգիան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու մինչև իրապես անվտանգ կլինի անցորդների, հետիոտների և վարորդների համար»,-ասել է սենատոր Ռիչարդ Բլումենտալը, ով դեմոկրատ է Կոնեկտիկուտից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել