ՀՀ քաղաքական դաշտում տիրող եռամսյա մառախուղը, որը «պարուրել» էր բոլորին դեռևս մեկ տարի առաջ տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից, աստիճանաբար ցրվում է:

Սերժ Սարգսյանը նախօրեին արեց մի հայտարարություն, որով փաստացի ցրեց իր վարչապետության հնարավորության շուրջ անորոշությունը: Սարգսյանն ուղիղ չհայտարարեց, թե պատրաստվում է առաջադրվել վարչապետ, բայց փաստացի թեևացրեց 2014 թվականի ասվածը, որ չի լինի նախագահ երրորդ ժամկետով, չի էլ հավակնում լինել վարչապետ կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում: Ս. Սարգսյանը հայտարարել է, թե մի բան է հստակ ասել, թե չի լինելու, մեկ այլ բան է ասել, թե չի հավակնելու: Ըստ նրա՝ ինքը դարձյալ չի հավակնում, բայց նաև չի կարող հաշվի չառնել առկա իրողությունները:

Սարգսյանն այդ համատեքստում մատնանշել է Ապրիլյան պատերազմը, ՊՊԾ գնդի գրավումը, նաև իր վարչապետության դեմ ներկայիս հանրահավաքային շարժման կոչերը՝ ասելով, որ դա էլ մարտահրավեր է, երբ որոշ ուժեր հայտնում են քաղաքագիտության կանոններին դեմ գնալու պատրաստակամություն: Նա նշել է, որ կլինի այնտեղ, որտեղ ամենից շատ պահանջված է անվտանգությունը: Սրան զուգահեռ Սարգսյանը հայտարարում է, որ եթե առաջադրվի իր թեկնածությունը, ապա մի հավելումով, որ ինքն առաջ է մղելու երիտասարդ լիդերներին:

Հանրության մոտ հնչող այն տեսակետը, թե Ս. Սարգսյանը պետք է հեռանա, քանի որ հենց ինքն է այդ մասին դեռևս 4 տարի առաջ հայտարարել, որ քաղաքական դաշտին պետք են նոր դեմքեր նոր իդեաներով, իրականում մտածելու տեղիք է տալիս: Եվ ահա այս համատեքստում դիտարկենք, թե իրականում ովքեր են հնարավոր թեկնածուները և ինչո՞ւ չեն կարող ստեղծված իրավիճակում դառնալ վարչապետ:

Բնականաբար, բոլորի մոտ որպես առաջին թեկնածու դիտարկվում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Փորձենք մի քանի պրիզմաներով դիտարկել, թե հատկապես ինչո՞ւ Կարեն Կարապետյանը չի կարող լինել խորհրդարանական Հայաստանի վարչապետ, կամ ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի վստահում նրան այդ ահռելի լիազորություններով օժտված պոստը:

Իրականում Կարեն Կարապետյանը չի համապատասխանում նախագահ Սարգսյանի պահանջներին մի քանի կետերով։ Նախ՝ ընդգծված ռուսական կողմնորոշում ունեցող գործիչ է, իսկ տվյալ պարագայում նախագահին ձեռնտու չեն հստակ որևէ քաղաքական ուղղվածության կամ, այսպես ասած, մեկ դաշտում գործող գործիչներ: Կարապետյանի ռուսաֆոբ ֆակտորը ՀՀ-ին ձեռնտու չէ Արևմուտքի հետ ներկայումս տարվող մեղմ «սիրախաղի» պատճառով նաև, քանի որ նա ուղղակի կծռի վերջին մի քանի տարվա ՀՀ արտաքին քաղաքականության արևմտյան վեկտորը: Կարապետյանի ռիսկայնության հաջորդ ֆակտորն այն է, որ նա Սարգսյանի համար «սվոյ» չէ, այսինքն՝ հայկական դաշտում կայացած անհատ չէ, և հնարավոր է՝ հարմար առիթի դեպքում ուղղակի խաղից հանի մեծ շախմատիստին, ինչը նույնպես ներկա պահին չկա Սարգսյան նախագահի օրակարգում: Երրորդ կարևոր հանգամանքներից է ֆինանսական կարողություն-լծակները, որոնցով օժտված և կապված է Կ. Կարապետյանը: Տվյալ պահին խոսքը Սամվել Կարապետյան ֆիգուրի մասին է, ով շատ հանգիստ հնարավոր է՝ փորձի փոխել ՀՀ քաղաքական օրակարգը և ՀՀԿ-ին ամբողջությամբ թողնի օֆսայդ դրությունում: Նման ռիսկերի դեպքում բացառվեց, որ Կարապետյանն ապրիլի 16-ից հետո լինի ՀՀ վարչապետ:

Հաջորդ հնարավոր թեկանծու դաշտում կառանձնացնեք Վիգեն Սարգսյանին: Վ. Սարգսյանը բավականին հեռանկարային, Սերժ Սարգսյանի քաղաքական դպրոցն անցած, ՀՀ քաղաքական դաշտի համար կարևոր ֆակտոր համարվող չապականված գործիչ է: Մարդ, ով չի ասոցացվում քրեաօլիգարխիայի, կոռուպցիայի և նմանօրինակ վարկանիշի վրա ուղղակի ազդեցություն ունեցող գործոններով: Սակայն Վիգենը՝ որպես այդպիսին, հստակ չի կարող տիրապետել ողջ քաղաքական պրոցեսին, ավելին` հնարավոր է նաև, որ ունենա ներհամակարգային ճգնաժամի և վերահսկողության լուրջ խնդիր, քանի որ բացակայում է նորին գերազանցություն փորձը: Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի համար ընդունելի, ուղղակի դեռևս մինջև վերջ չպատրաստված թեկնածու է, ուստի, գոնե այս փուլում բացառվում է նաև նրա հնարավոր վարչապետացումը:

Իմ պատկերացրած թեկնածուների շարքից է նաև Արմեն Գևորգյանը, ով ՀՀ քաղաքական համակարգի ողջ պուլսն ու ռիթմը զգացող անհատ է և մանևրող քաղաքական ֆիգուր: Գևորգյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, ունի բավականին տպավորիչ քաղաքական կենսագրություն, որոնց թվում՝ ՀՀ երկարամյա փոխվարչապետի։ Նա հստակ տիրապետում է ՏԻՄ համակարգը, «կարդում է» ցանկացած քաղաքական վարիացիա, բայց կա մի «բայց»: Նրան Սերժ Սարգսյանի վստահելի և հավատարիմ զինակից չես համարի, քանի որ նրա քաղաքական կնքահայրը Ռոբերտ Քոչարյանն է, ով տվյալ պահին ոչ մի կերպ չի անդրադառնում քաղաքական օրակարգում եղած հարցերին: Իսկ նման իրավիճակում ոչ ՀՀԿ-ական Արմեն Գևորգյանը բուռն և էմոցիոնալ թիրախ կդառնա ողջ ՀՀԿ գվարդիայի համար։ Համաձայնեք, Ազատիչն ուղղակի նման ռիսկի չի գնա:

Ստացվում է մի վիճակ, որ իրական ռեզերվային տարբերակը դարձյալ մնում է Սերժ Սարգսյանը, ինչպես վերջին 3 ամիսը շեփորահարում է ՀՀԿ-ի արսենալը:

Հ.գ. ՀՀԿ ԳՄ պատմական նիստին մնացել է մեկ ամսից պակաս ժամանակ:   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել