Մարտի 19-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին` Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռիչուլլիին կատարած աշխատանքի համար՝ արձանագրելով, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին հայ-իտալական բարեկամական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել: Նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև ակտիվացել են քաղաքական երկխոսությունը և փոխայցելությունները, ձևավորվել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովը, խորացել է տնտեսական փոխգործակցությունը, նոր լիցք են ստացել մշակութային փոխանակումները, ընդլայնվել է իրավապայմանագրային դաշտը:

Իտալիայի դեսպանը շնորհակալություն հայտնեց իր առաքելության ամբողջ ընթացքում Հայաստանի արտգործնախարարության կողմից ցուցաբերված աջակցության համար և համոզմունք հայտնեց, որ Հայաստանի և Իտալիայի միջև փոխշահավետ համագործակցությունը էլ ավելի կզարգանա՝ ի շահ երկու բարեկամ երկրների ժողովուրդների:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին հայ-իտալական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերի շուրջ, քննարկվեց Հայաստան- Եվրոպական միություն համագործակցությունը։

Հանդիպման ավարտին հայ-իտալական հարաբերությունների զարգացման գործում անձնական ներդրման համար Էդվարդ Նալբանդյանը դեսպան Ջովաննի Ռիչուլլիին հանձնեց ԱԳՆ պատվո մեդալը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել