Աղջկական քնքուշ, հմայիչ կերպարի ներսում հուժկու, հզոր ձայնով երգչուհի է՝ Գաբի Գալոյանը, ում մուտքը երգարվեստ սկսվեց բուռն քննարկումներով ու կանխատեսումներով:

Խառնվածքով, տեսակով վերև բարձրացող անհատականություն, մասնագիտական կրթվածություն ունեցող երգչուհին անցավ Ռուբիկոնը: 

Բազմաթիվ համերգային շրջագայություններ, նոր գործընկերներ ու պրոֆեսիոնալ աճ՝ ակնհայտ փաստեր, երբ ուսումնասիրում և ամփոփում ես նրա աշխատանքային մեկ տարին: 

Բեմի բոլոր պահանջները բավարարող երգչուհին 2017 թ․-ին հանդես եկավ «Հայաստան» նախագծով, որով գերեց, հմայեց երաժշտասեր հասարակությանը ու նույն ծրագրով դուրս եկավ հայրենիքի սահմաններից:

Վերջերս Գաբի Գալոյանը Լիբանանում էր, հետո՝ ՌԴ-ում: Այս օրերին ԱՄՆ-ում գտնվող երգչուհին մարտի 25-ին առաջին անգամ կներկայանա ամերիկաբնակ հանդիսականին:

Ժողովրդական, ազգային, հայրենասիրական երգերի տոնին սպասող հանդիսատեսն իսկապես կվայելի երեկոն:

Պրոդյուսեր Կարպիս Թիթիզյանն, ունենալով փայլուն պատմություն երաժշտական ասպարեզում, վստահորեն ընտրել է այս երգչուհու կողքին լինելու, սատարելու գործը, քանզի երգարվեստում մնայուն անուն ունենալու , ժողովրդական երգին նվիրյալ լինելու պահանջն այսօր առկա է սփյուռքում:

Մենք փորձեցինք զրուցել երգչուհու հետ, ով հաճելիորեն զարմացրեց նաև իր գրագետ, կիրթ պատասխաններով:

- Նոր եք վերադարձել համերգային շրջագայությունից․ Արաբական Էմիրություններում, Բեյրութում, ապա ՌԴ-ում հանդիսատեսին սեր ու երգարվեստի գոհարներ տվեցիք, իսկ հոգևոր ի՞նչ ստացաք:

- Երգը սրտիս տրոփյունն է, իսկ ժողովրդական երգը՝ արյունն ու ավիշը: Ամեն անգամ բեմ բարձրանալիս ապրում եմ նույն զգացողությունը, որ առաքելությունս է օտարության մեջ ապրող հային անսպառ, չվերջացող էներգիա տալ, որի աղբյուրն ու ակունքը ժողովրդական, ազգային երգերի բաց շտեմարանն է: Թե՛ Բեյրութում, թե՛ Տուլա քաղաքում ստացել եմ շարունակական սեր, գորովանք, որը ոչ միայն իմն է, այլև այն բոլոր մարդկանց, ովքեր իմ կողքին են: 

Մարտի 25-ին ԱՄՆ-ում կներկայանանք համերգային ծրագրով, որի համար ջանք ու եռանդ չենք խնայել: Երևի բերկրանք ու գոհունակություն․ ահա այս զգացողությունները կունենա հանդիսատեսը դահլիճից դուրս գալիս:

Մարտի 31-ին համերգային ծրագրով կլինենք Սան Ֆրանցիսկոյում, ապա՝ Կանադայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել