2017 թվականին բժիշկները հաստատեցին, որ Լոնդոնում բնակվող 18-ամյա Հեմնա Ամիրան անորեքսիա ունի։ Պատճառը ոչ միայն շարունակական դեպրեսիաներն ու հոգնածությունն էր, այլ նաև սնվելու հետ խնդիրները․ աղջիկը փոքր ժամանակ նորմայից շատ էր ուտում։
Բժիշկների կողմից արված ախտորոշումից հետո Հեմնան ամիսներ շարունակ հրաժարվում էր ընդունել, որ ինքն անորեքսիա ունի՝ իրեն համոզելով, որ ինքն ամբողջովին առողջ է։ «Երբ որևէ բան էի ուտում, մեղավորության զգացումն էր ինձ պարուրում․ ինձ թվում էր՝ հիմա կգիրանամ։ Գիշերը, երբ բոլորը քնած էին, թաքուն վեր էի կենում ու անձայն, աննկատ մարզվում։ Այնքան էլ մարզվում, մինչև ուժերս լրիվ սպառվում էին»,- պատմում է նա։
Որոշ ժամանակ անց նրա ծնողներն ու ընկերները նկատեցին, որ սկսել է շատ քիչ ուտել ու նիհարել է։ Շուտով եկավ ամենասարսափելի պահը․ «Մի օր բժիշկներն ասացին, որ եթե մեկ կիլոգրամ էլ կորցնեմ, ապա պետք է ինձ հոսպիտալացնեն։ Իսկ այդ դեպքում չէի կարողանա գնալ դպրոց, շփվել ընկերներիս հետ։ Միանգամից սարսափ մտավ մեջս»։
Բարեբախտաբար, Հեմնան հասկացավ վիճակի լրջությունն ու որոշեց վերջ տալ այդ վիճակին։ «Առաջին քայլը, որ արեցի, կերածս ամեն մի փոքր բանի կալորիաները հաշվելու սովորությունից հրաժարվելն էր։ Արդեն ուտում էին այն, ինչ ցանկանում էի, սակայն փորձում էի օգտագործել միայն առողջ սնունդ»։
Այժմ, երբ աղջիկը վերջնականապես հրաժեշտ է տվել անորեքսիային, խորհուրդ է տալիս բոլորին, որ երբեք չվարվեք ձեր մարմնի հետ այնպես, ինչպես ինքն էր անում։ «Ոչինչ ավելի թանկ չէ, քան ձեր առողջությունը։ Ես սխալվել եմ, բայց դուք էլ չսխալվեք։ Եթե խնդիրներ ունեք, ապա անպայման գտեք մեկին, ում վստահում եք, խոսեք նրա հետ և օգնություն խնդրեք։ Երանի ես էլ ժամանակին այդպես վարված լինեի»։
Հիմա Հեմնան կանոնավոր սնվում է, օգտագործում է առողջարար սնունդ, երբեմն էլ մարզվում է, սակայն երբեք չի անցնում սահմանը և իր մարմնին չի տանջում։