Tert.am-ը գրում է.

Շիրակի պետական համալսարանից հեռացված երկու դասախոսներին՝ պ. գ. թ., դոցենտ, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին և Գագիկ Համբարյանի աշխատանքի վերադարձնելու հարցով Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը և շուրջ 50 ուսանողներ բաց նամակով դիմել են հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին: Նրանք պահանջում են բեկանել Շիրակի համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի որոշումը:

Նախագահին ուղղված բաց նամակի մեջ մասնավորապես ասված է.

«Մենք բազմիցս դիմել ենք ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, բայց մեր բողոքներն ամեն անգամ անպատասխան են մնացել։ Հերթական անգամ հայտարարում ենք դասադուլ և պահանջում.

1. Բեկանել ռեկտորի մարտի 15-ի որոշումը և անհապաղ աշխատանքի վերադարձնել Հ. Խորիկյանին ու Գ. Համբարյանին։

2. Ապահովել մարտի 24-ին կայանալիք գիտխորհրդի և հոգաբարձուների խորհրդի համատեղ ընդլայնված նիստի թափանցիկությունը, այն կազմակերպել լրագրողների, բողոքին մասնակցող ուսանողների հատուկ խմբի և Հ. Խորիկյանի ու Գ. Համբարյանի ներկայությամբ։

3. Ապահովել բուհի ֆինանսական վիճակի թափանցիկությունը և համալսարանի պաշտոնական կայքում զետեղել բուհի 2016 թվականի փոփոխված և 2017 թվականի նախահաշիվները և նույն թվականների ֆինանսական հաշվետվությունները, 2018 թվականի բյուջեի նախահաշիվները։

Պարո՛ն նախագահ, հուսով ենք, որ արդարությունը կվերականգնեք», - ասված է բաց նամակում»:

Նշենք, որ Tert.am-ն այսօր տեղեկացրել էր, որ Շիրակի պետհամալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանը նաև ստորագրահավաք է սկսել՝ աշխատանքից հեռացված դասախոսներին աշխատանքը վերականգնելու պահանջով:

Հիշեցնենք, որ մարտի 15-ին աշխատանքից ազատվել են Շիրակի պետական համալսարանի երկու դասախոսներ՝ պ. գ. թ., դոցենտ, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը:




Լուսանկարները՝ Անահիտ Սիմոնյանի Ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել