Այսօր տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների ու Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը՝ Արմեն Աշոտյանի և Մարեկ Ռոցկիի համանախագահությամբ:

Հանդիպման ավարտին կողմերը ստորագրել են համատեղ հայտարարություն:

ԱԺ հանրային կապերի վարչությունից ներկայացնում են հայտարարությունն ամբողջությամբ. 

«2018 թվականի մարտի 19-ին Երևանում կայացավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի համատեղ նիստը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունները, միջխորհրդարանական սերտ համագործակցությունը և առկա հարաբերությունների ամրապնդումը:

Կողմերը համոզմունք հայտնեցին, որ երկու հանձնաժողովների միջև համագործակցությունը կնպաստի Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության խորհրդարանների միջև բազմակողմանի կապերի խորացմանն ու ամրապնդմանը:

Կողմերը կարևորեցին օրենսդրական գործունեության շրջանակում փորձի փոխանակումը, փոխադարձ հետաքրքրություն ներակայացնող ոլորտներում համատեղ քննարկումների անցկացումը` որպես երկու երկրների խորհրդարանների միջև առկա հարաբերությունների ամրապնդման կարևոր գործոն:

Կողմերն ընդգծեցին երկկողմ համագործակցությունն իրավահավարասարության, գործընկերության և փոխշահավետության հիման վրա՝ համատեղ լսումների, փոխայցելությունների, միջազգային հարթակներում ակտիվ համագործակցությամբ, ժողովրդավարության ամրապնդման և երկուստեք հետաքրքրություն ունեցող խնդիրների շուրջ համատեղ նախաձեռնությունների միջոցով:

Կողմերը կարևորում են 2017 թվականի նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և ողջունում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առկա երկխոսությունն ու համաձայնագրի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքները:

Կողմերը հայտարարում են, որ պատրաստ են երկուստեք ջանքեր ներդնել՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գրոծընկերության համաձայնագրի շրջանակում սահմանված նպատակների իրականացման համար:

Քննարկելով տարածաշրջանային անվտանգությունը, մասնավորապես Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարցերը՝ կողմերը կարևորեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Այս համատեքստում կողմերը վերահաստատեցին իրենց անվերապահ աջակցությունն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքներին, ինչպես նշված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաբանում. այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, պետությունների տարածքային ամբողջականությունը և ժողովուրդների հավասար իրավունքներն և ինքնորոշման իրավունքը:

Այս համատեքստում կողմերը կարևորեցին նաև խորհրդարանական դիվանագիտության դերի բարձրացման անհրաժեշտությունը՝ միջազգային ջանքերի հետագա աջակցման համար, որոնք ուղղված են տարածաշրջանային և միջազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության պահպանման և վստահության մթնոլորտի ստեղծման համար:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում կողմերն անընդունելի են համարում ցանկացած գործողություն կամ ռազմական հռետորաբանություն, ինչը կարող է նպաստել հակամարտության գոտում իրավիճակի սրմանը:

Կողմերը կարևորում են նաև միջազգային խորհրդարանական հարթակներում համակարգված աշխատանքների իրականացումը՝ ուղղված միջազգային հարաբերություններում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմանը՝ առաջնային համարելով դիվանագիտական և քաղաքական գործիքակազմի կիրառումը:

Կողմերն ողջունում են համատեղ նիստում քննարկումների արդյունքները և հայտարարում են, որ պատրաստ են հետևողական աշխատանք տանել ի շահ հայ-լեհական համագործակցության շրջանակում որոշումների իրագործան:

Կողմերը հաստատում են իրենց հետաքրքրվածությունը և պատրաստակամությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Լեհաստանի Հանրապետության Սենատի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովների միջև համատեղ խորհրդարանական նախագծերի և միջոցառումների պարբերաբար կազմակերպման համար:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերում հաջորդ համատեղ նիստն հրավիրել ք. Վարշավայում 2019 թվականին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել