Այն, ինչ տեղի է ունեցել երեկ Ռուսաստանում, այնքան անսպասելի չէր, ինչքան ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատանը մասնակցած քաղաքացիների ակտիվությունը։ Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիները նախագահ էին ընտրում, իսկ վերջին տվյալներով՝ այդ ընտրություններին մասնակցել է ավելի քան 3000 մարդ։ Սա բավականին բարձր ցուցանիշ է՝ հաշվի առնելով միայն այն, որ Հայաստանում, օրինակ, քաղաքական ընդդիմությունները 3000 մարդ զոռով են հավաքում ընտրություններին։ Էլ չասած, որ Հայաստանում այսօր, առավել քան երբևէ, գոյություն չունի այնպիսի քաղաքական գործիչ, ով իր վարկանիշով ավելի ընդունելի կլինի Հայաստանում, քան Վլադիմիր Պուտինն է։ Սա, իհարկե, խոսում է սեփական երկրի իշխանությունների, առհասարակ, քաղաքական համակարգի նկատմամբ տոտալ անվստահության մասին։

Ազգությամբ հայն իր՝ քաղաքական գործչի իդեալը հասկանում է Պուտինի տեսքով։ Նրա քաղաքական պատկերացումներում քաղաքական գործիչը պետք է ունենա ծանր ձեռք, պետք է լինի անվերապահ հեղինակություն բոլորի համար, հանդիսանա անվտանգության երաշխավոր, հանուն որի իրենք պատրաստ են նաև իրենց նեղություն տալ ու, ասենք, սոցիալ-տնտեսապես լինել ոչ լրիվ բավարարված։ Եվ եթե Հայաստանում չկա այնպիսի քաղաքական գործիչ, ապա պետք է այդպիսի գործիչ փնտրել Ռուսաստանում, որովհետև Հայաստանի քաղաքական կյանքի վրա ամենաէական ազդեցությունն ունի Ռուսաստանը թե՛ ներկա քաղաքական գործընթացների պայմաններում, թե՛ քաղաքական իներցիայի տեսանկյունից՝ սովետական բոլոր ավանդույթներով ու մշակույթով հանդերձ։ Իսկ Ռուսաստանը՝ որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, դիտարկվում է հենց այդ ավանդույթների շարունակողը։ Եվ քանի դեռ մեր երկրում չի ձևավորվել նորմալ քաղաքական մշակույթ, քաղաքական այնպիսի գործիչներ, որոնք կլինեն ոչ թե րոպեական, այլ երկարաժամկետ շահի պատկերացումներ ունեցողներ, ովքեր ինքնաբավությունը չեն պատկերացնի միայն սեռական, այլև առհասարակ կենցաղի իմաստով, այն ժամանակ մենք գուցե չունենանք այն տխուր պատկերը, որն այսօր ունենք։ իսկ քանի դեռ դա չունենք, Հայաստանում Վլադիմիր Պուտինի վարկանիշը շարունակելու է լինել ամենաբարձրը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել