Armenpress.amhttps://armenpress.am/arm/news/926685/haykakan-ekexecin-ir-avandakan-gorgerov-nakhadzernutyuny.html-ը գրում է.

Վատիկանում  Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ իրականացվող հայկական եկեղեցիներն ավանդական գորգերով ապահովելու բարեգործական ծրագրի շրջանակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցիների համար նախատեսված գորգերը պատրաստ կլինեն մինչև հուլիս: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը նշեց, որ հուլիսին արդեն գորգերը պետք է ներկայացված լինեն դեսպան Մինասյանին:

«Յուրաքանչյուր եկեղեցու համար գործվում է 3 գորգ: Այսինքն` ամեն եկեղեցու համար հյուսվում են անվանական առանձին գորգեր` ներառելով հայկական ավանդական նախշազարդեր: Դրանք վերցվում են նաև եկեղեցիների շենքերի վրայի փորագրություններից, զարդաքանդակներից»,-ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Ակտիվ աշխատանք է տարվում ձեռագործ գորգերի դիզայներ Նաիրա Մխիթարյանի, ինչպես նաև եկեղեցիների հետ:

Լեոնիդ Անդրեասյանը շատ կարևոր համարեց նման նախաձեռնությունը` նշելով, որ այն իր նպաստը կբերի գորգագործության մշակույթի հանրայնացմանը:

«Որքանո՞վ է ճիշտ, երբ հայկական եկեղեցիներում ոչ հայկական գորգեր են: Կարծում եմ` դա անհամատեղելի է: Այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է հայկական եկեղեցիներում նախ ձեռագործ գորգեր ներկայացնելու, երկրորդն էլ հայկական նախշազարդերը հանրայնացնելու առումով:  Սա կօգնի մեկ անգամ ևս ընդգծել գորգագործության մշակույթի կարևորությունը»,-ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Նրա խոսքով, այս նախաձեռնությունը զբոսաշրջիկների շրջանում հայկական նախշազարդերով ձեռագործ գորգերը ներկայացնելու առումով նույնպես կարևոր է:

«Ինքներդ գիտեք, թե մեր եկեղեցիներ որքան զբոսաշրջիկներ են այցելում: Նրանց կներկայացվի ոչ միայն եկեղեցու, այլև այնտեղ առկա ձեռագործ գորգերի պատմությունը: Դա նաև ուսուցողական նշանակություն ունի երիտասարդների, երեխաների համար»,-հավելեց նա:

Նախաձեռնության մեկնարկը տրվել է 2017 թվականի հոկտեմբերին, երբ Գանձասար վանական համալիրում կայացավ «Գանձասար» գորգերի նվիրաբերման արարողությունը: Ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, հոգեւորականության ներկայացուցիչներ։

Գաղափարը ծնունդ է առել տարիներ առաջ, երբ Միքայել Մինասյանը, ընկերոջ հետ լինելով Գանձասարում, պարզել էր, որ տաճարում գտնվող գորգերն այնքան էլ հայկական չեն։ Ու հենց վանական համալիրում էլ միտք հղացավ վերականգնել հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթներն ու եկեղեցիներին նվիրաբերել խորհրդանշական գույն ու նախշով գորգեր։ Նախաձեռնության մեկնարկը տրվեց Գանձասարի վանքում, որտեղ խաչվում են հայ եկեղեցու ճարտարապետությունն ու գորգագործությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել