Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 18-ին կայացած նախագահական ընտրություններում հավաքում է 76,67% ձայն քվեաթերթիկների 99,75%-ի մշակումից հետո։ Այդ մասին են վկայում ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները։
Ինչպես հայտնել են ԿԸՀ-ից, գործող նախագահն իր կարիերայի ընթացքում ընտրողների ռեկորդային քաղաքական աջակցությունն է վայելում. նրա օգտին է քվեարկել 54,4 մլն քաղաքացի, ինչը 5,1 մլն-ով ավելի է 2004 թվականի ցուցանիշից։ 
ՌԴ Կոմունիստական կուսակցությունից թեկնածու Պավել Գրուդինինը հավաքում է 11,79%, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին՝ 5,66%, հեռուստառադիոհաղորդավարուհի Քսենիա Սոբչակը՝ 1,67%, «Յաբլոկո»-ի ղեկավար Գրիգորի Յավլինսկին՝ 1,04%, Բորիս Տիտովը՝  0,75%, Մաքսիմ Սուրայկինը՝ 0,68%, Սերգեյ Բաբուրինը՝ 0,65% ձայն։
ՌԴ գործող նախագահն իր կողմնակիցներին շնորհավորել է ընտրություններում հաղթելու կապակցությամբ՝ հայտարարելով, որ իր թիմին հաջողվեց ցուցադրել արժանի արդյունք։
Պուտինին արդեն շնորհավորել են մի շարք առաջնորդներ՝ Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Կուբայի ղեկավար Ռաուլ Կաստրոն, Սերբիայի ղեկավար Ալեքսանդր Վուչիչը, այլք։
Հիշեցնենք, որ ՌԴ-ում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 18-ին, մասնակցել է 8 թեկնածու։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել