Մարտի 17-ին Ուկրաինայի Դնեպր քաղաքում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցին կառուցվել է տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովների ազնիվ բարերարությամբ:Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Նորակառույց եկեղեցու առջև Ամենայն Հայոց Հայրապետին մեծ խանդավառությամբ ու ծափողջույններով դիմավորեցին տարբեր համայնքներից այս ուրախալի առիթով Դնեպր ժամանած հարյուրավոր հայորդիներ` գլխավորությամբ հոգևորականների և համայնքային կառույցների ներկայացուցիչների:Եկեղեցու օծման արարողությանը հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին Դնեպրոպետրովսկի մարզպետ Վալենտին Ռեզնիչենկոն, Դնեպրոպետրովսկի մարզային Ռադայի նախագահ Գլեբ Պրիգունովը, Դնեպրի քաղաքապետ Բորիս Ֆիլատովը, Ուկրաինայում պապական նվիրակ արքեպիսկոպոս Կլաուդիո Գուջերոտտին, Ուկրաինայի Ուղղափառ, Հռոմեակաթոլիկ, Հունակաթոլիկ և Լյութերական եկեղեցիների ներկայացուցիչներ:Հընթացս օծման սրբազան արարողության, սաղմոսերգության ներքո ջրով և գինով լվացվեցին տաճարի Սուրբ Սեղանը և օծվելիք սյուները: Այնուհետև Հայոց Հայրապետը Սրբալույս Մյուռոնով օծեց եկեղեցու Սուրբ Սեղանը։ Թեմակալ առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ օծվեցին խորանի` չորս ավետարանիչների անունը կրող սյուները: Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Գերաշնորհ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանը կատարեցին եկեղեցու մնացյալ տասը սյուների օծումը:Օծման արարողության ավարտին Նորին Սրբություն Գարեգին Բ Կաթողիկոսը հայրապետական իր օրհնությունը բերեց Դնեպրի հայությանը` շնորհավորելով նոր աղոթատան բացման բերկրալի առիթով:

 

Վերջում Նորին Սրբությունն իր առանձնակի գնահատանքը հայտնեց եկեղեցու կառուցման բարերարներ տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովներին և նրանց զավակներին, ինչպես նաև աղոթավայրի կառուցման գործում իրենց ներդրումը բերած երկու տասնյակից ավելի հայորդիներին: Հայրապետական բարձր գնահատանքի արժանացան նաև եկեղեցուն կից «Վարդուհի» ազգային-մշակութային կենտրոնի կառուցման հովանավոր տիար Ալեքսանդր Պետրովսկին և եկեղեցու բարեշինությանը մեծապես աջակցած տիար Էմիլ Հարությունյանը:Այս կապակցությամբ Հայոց Կաթողիկոսը տեր և տիկին Ռաֆայել և Շամիրամ Հարությունովներին շնորհեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» պատվո բարձրագույն շքանշանը, տիար Ալեքսանդր Պետրովսկուն՝ «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ», իսկ տիար Էմիլ Հարությունյանին` «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել