Այսօր Ռուսաստանում ընտրությունների «լռության» օրն է: Անդրադառնալով անցած քարոզարշավին՝ նշենք, որ Պուտինի միջուկային հռետորաբանության նպատակը տաղտուկ ընտրարշավն աշխուժացնելն է:

ՌԴ Սահմանադրությամբ նախագահական 6-ամյա ժամկետը Պուտինի համար վերջինն է լինելու, բայց նա կարող է փոխել խաղի կանոնները, ինչպես ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը: Իր 65 տարեկանում Պուտինը կարող է 10 ու ավելի տարիներ ակտիվ հրապարակային կյանքով ապրել (այս տարի նա հասավ ու անցավ Լեոնիդ Բրեժնևի ռեկորդը, ով երկիրը ղեկավարում էր 1964-ից մինչև մահը 1982-ին` լինելով ամենաերկարամյա ղեկավարը Ստալինի ժամանակներից):

Որ Բրեժնևի հետ պատմական ընկերակցության մեջ է հայտնվել, թերևս այնքան էլ Պուտինի սրտով չէ: Բրեժնևյան վերջին տարիներին ԽՍՀՄ-ը սուզվել էր ստագնացիայի տասնամյակում, որից այդպես էլ դուրս չեկավ: Պուտինյան Ռուսաստանը տնտեսական նման ճանապարհի վրա է: Հիմա Կրեմլը ներքին խնդիրները փոխհատուցում է արտաքին քաղաքական ցուցամոլությամբ: Երբ 1985-ին Միխայիլ Գորբաչովը եկավ իշխանության և փորձեց սովետական համակարգին նոր ուժեր հաղորդել, համակարգն արդեն չափազանց քարացած ու փխրուն էր, որ վերապրեր: Երկու տասնամյակ Պուտինն ընդլայնում էր անձնական իշխանությունը` հենվելով այն տեսության վրա, որ երկաթե բռունցքի միակ այլընտրանքը քաոսն է:

Քաղաքական իշխանության փոխանցումը կարող է հարթ անցնել` ՌԴ Սահմանադրության համապատասխան: Կարող է և ոչ այդքան: Երբ Բորիս Ելցինը 1999-ին իշխանությունը փոխանցեց Պուտինին, խնդիրներ չեղան, բայց Ելցինը հիվանդ էր ու հեղինակազրկված, իրենից սպառնալիք չէր ներկայացնում: Պուտինի հեռանալը կարող է ավելի բարդ լինել: Նախագահի պաշտոնում նա կրճատել է ռեգիոնների ինքնիշխանությունն ու մեծացրել կենտրոնի վեահսկողությունը: Նրա իրավահաջորդը, որ պիտի ռեգիոնների աջակցությունը ստանա, գուցե հարկադրված լինի ապակենտրոնացնել իշխանությունը: Շատ ռուսաստանցիներ դժգոհ են ստատուս քվոյից, բայց մեծամասնությունը մտածում է, որ Պուտինի հեռանալը իրավիճակն ավելի կվատացնի: Բոլորն էլ գիտեն, որ փոփոխությունները հետաձգելը եռացող կաթսան կափարիչով ծածկել է: Բնավ կարիք չկար ուշադիր հետևելու նախագահական ընտրարշավին, որ ամենաձանձրալին է ՌԴ պատմության մեջ, իսկական հարցը մեկն է` ի՞նչ է լինելու վաղը:

Իրականում նվազագույնը 3-4 տարի էական ոչինչ տեղի չի ունենա: Միայն ամերիկացին, դատելով ամերիկյան պատկերացումներով, կարող է կարծել, որ ռուս որևէ ղեկավար ռեգիոններին ազատություն կտա: Բայց նա սխալվեց․ «հետաքրքրություն» ստացվեց` Բրիտանիայի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրվեց ՌԴ հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման հարցով: Լոնդոնը մեծ հավանականություն է տեսնում, որ թունավորման հետևում Ռուսաստանն է: Նախ՝ ՌԴ ԱԳՆ հրավիրվեց Մեծ Բրիտանիայի դեսպանը՝ առանց մեկնաբանության, հետո` Բրիտանիայի ԱԳՆ հրավիրվեց ՌԴ դեսպանը` առանց մեկնաբանության: Ռուսաստանը մինչև կեսգիշեր չպատասխանեց Թերեզա Մեյի պահանջին` բացատրել, թե ինչպես է նյարդակաթվածահարող նյութը, որով թունավորվել են Սկրիպալն ու դուստրը, հայտնվել Բրիտանիայում: Վարչապետը մարտի 12-ին հայտարարեց, որ Սկրիպալի մահափորձին Ռուսաստանը հավանաբար առնչվում է և բացատրություններ պահանջեց: Մոսկվան պատասխանեց, որ պատրաստ է Լոնդոնին 10 օրում պատասխանել, երբ պաշտոնական հարցում ստանա:

Մեյի հայտարարությունը ԱԳՆ-ում անվանեցին ուլտիմատում և հրաժարվեցին կատարել նրա պահանջները` պահանջելով գործի նյութերը: Սերգեյ Լավրովը չտրվեց Թերեզա Մեյի հախուռն մեղադրանքներին ու հայտարարեց, որ Մոսկվան Լոնդոնին կպատասխանի պաշտոնական հարցում ստանալուց 10 օր հետո:

Իսկապես Ռուսաստանի ինչի՞ն էր պետք նախագահական ընտրությունների վերջնագծում հայտնվել միջազգային սկանդալի կենտրոնում և ստանալ նոր պատժամիջոցներ ու արտաքսված դիվանագետներ Մեծ Բրիտանիայից, որի հետ հարաբերությունները մինչ այդ էլ նորմալ չէին: Իսկ գուցե Սկրիպալն ընդամենը պատրվակ է` հարաբերությունների մակարդակը նվազեցնելու ու նույնիսկ խզելու համար: Պարզ է, որ Մոսկվան պատասխան քայլեր կձեռնարկի: Պատմությունը շարունակվելու է, բայց այս ընթացքով հազիվ թե պարզվի ռուսական հետքի իսկությունը Սկրիպալի ու դստեր թունավորման մեջ, երբ արդեն կայացվել են քաղաքական որոշումներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել