168.am-ը գրում է.

ՀՀ փաստաբանների պալատի որոշմամբ Տիգրան Աթանեսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ՝ Փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի պահանջի խախտման հատկանիշներով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի հանրային կապերի բաժնից, փաստաբանի վարքագծի կանոնագրքի 2.2.3 ենթակետի համաձայն՝ մասնագիտական, հասարակական, հրապարակախոսական և այլ բնագավառներում իր գործունեությամբ փաստաբանը պետք է նպաստի փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել «Հայկական ժամանակ» օրաթերթի http://armtimes.com լրատվական կայքում 2018 թ. մարտի 13-ին կատարված «Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակված անձինք երաշխիքներ են ունեցել. փաստաբան» վերտառությամբ հրապարակումը, որտեղ փաստաբան Տիգրան Աթանեսյանը փաստաբանների պալատը բնորոշել է որպես խուժան և խայտառակ հիմնարկ:

Կարգապահական վարույթը հարուցվել է ստուգելու համար այն հանգամանքը, թե վերոնշյալ հրապարակման մեջ արտացոլված «պալատը խուժան հիմնարկ է» և «պետք է հանրությունը իմանա ինչ է իրենից ներկայացնում այդ խայտառակ հիմնարկը» արտահայտություններն արդյո՞ք կատարվել են փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, թե՞ ոչ: Եթե այո, ապա փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից զանգվածային լրատվության միջոցով փաստաբանների պալատին նման որակումներ տալը նպաստո՞ւմ է ,արդյոք, փաստաբանի մասնագիտության բովանդակության և հասարակական կոչման նկատմամբ հարգանքի ձևավորմանն ու ամրապնդմանը, թե՞ ոչ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել