168.am-ը գրում է.

Քնի համաշխարհային օրը ամբողջ աշխարհում նշում են մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում «Սոմնուս» քնի և շարժողական խանգարումների կլինիկայի ղեկավար, նյարդաբան, սոմնոլոգ Սամսոն Խաչատրյանը հորդորեց բոլոր չափահաս մարդկանց քնել օրական ամենաքիչը 7 ժամ: Դեռահասների քունը պետք է կազմի օրական 9-10 ժամ, իսկ երեխաներինը` տարիքով պայմանավորված: «Կիսատ քունը կարող է բերել ստոմատիկ եւ նյարդահոգեկան խանգարումների: Մեծանում է ճարպակալման, շաքարային դիաբետի, զարկերակային գերճնշման, դեպրեսիվ-տագնապային խանգարումների, տարբեր վիրուսների ռիսկը»,- ասաց նա: Անքնությամբ տառապողներին բժիշկը խորհուրդ տվեց դիմել մասնագետների օգնությանը: «Հատկապես, եթե խնդիրը խրոնիկ բնույթ է կրում, դրան արդեն մասնագիտական մոտեցում է անհրաժեշտ: Դա շտկելու համար անհրաժեշտ են դեղորայքային եւ հոգեբանական մոտեցումներ»,-ասաց մասնագետը:

Անքնությամբ չտառապելու եւ առողջ քուն ունենալու համար սոմնոլոգը կոչ արեց հետեւել քնի հիգիենային: «Պետք է պահպանել քնելու ժամանակացույցը, քնի մոտ ժամերին հրաժարվել կոֆեին պարունակող նյութերից, սմարթֆոնից, հեռուստացույցից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից: Անկողնում, բացի քնից եւ սեռական հարաբերությունից, այլ բանով պետք չէ զբաղվել»,-հավելեց մասնագետը:

Քնի բժշկության համաշխարհային ասոցիացիայի նախաձեռնությամբ 2011 թվականից մարտի երկրորդ շաբաթվա ուրբաթ օրը նշվում է որպես Քնի համաշխարհային օր (“World Sleep Day”):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել