168.am-ը գրում է.

«Ադրբեջանում տեղի ունեցող զորավարժությունները առավելապես նախընտրական բնույթ են կրում։ Ադրբեջանի նախագահը հենց ընտրություններից առաջ որոշում կայացրեց նման գործողություններ իրականացնել։ Մեզ համար դրանք սադրիչ գործողություններ են, որովհետև միջազգային իրավունքի մի քանի կարևոր սկզբունքների են հակասում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է իր ներքին լսարանին ցույց տալ, թե ինչ հզոր պետություն է, և, որ ցանկացած ժամանակ կարող է Արցախը «վերադարձնել». «Սա նույն սցենարն է, որով հայր և որդի Ալիևները կերակրել են իրենց հանրությանը, բայց դա արդյունք չի տվել։ Հիմա սա էլ առանձնապես արդյունք չի տալու, նախընտրական պայքարն ավարտվելու է, Ալիևը վերընտրվելու է, և ամեն ինչ գնալու է այնպես, ինչպես գնացել է։ Մենք ուղղակի սրանից պետք է հետևություն անենք և զգույշ լինենք, որովհետև մեր թշնամին ադեկվատ չէ և ցանկացած ժամանակ ցանկացած ագրեսիայի պատրաստ է»։

Այս առումով, ըստ Սարգսյանի՝ Ադրբեջանի նախագահը փորձում է նմանվել իր թուրք ավագ եղբորը. «Ես միշտ ասում եմ, որ Թուրքիայի նախագահը միակն է, որ աշխարհի ցանկացած ծայրում ինչ ուզի՝ կարող է անել, և դրա համար իրեն ոչ ոք երբեք չի կարողանում պատժել։ Նա կարող է մտնել Սիրիայի տարածք՝ ցեղասպանություն իրականացնել, կարող է մտնել Իրաքի տարածք, կարող է ռուսական օդանավ խոցել և մարսել, կարող է Վաշինգտոնի կենտրոնում ԱՄՆ քաղաքացիներին ծեծել և մարսել, ԻԼԻՊ-ի հետ առևտուր անել, և այդ ամենի համար Էրդողանը երբեք չի պատժվում։ Չկա մեկը, որ կարողանա նրան պատժել։ Այդ առումով Ալիևը փորձում է նմանվել Էրդողանին և անում է բաներ, որոնք անպատիժ են մնում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել