Tert.am-ը գրում է.

20.20

Հանրահավաքը եզրափակվեց՝ «ա-զատ, ան–կախ, Հա-յա-ստան» վանկարկումներով: Դավիթ Սանասարյանը հիշեցրեց, որ 2 քաղաքական ուժ հայտարարել են, որ ակտիվ գործողությունների են անցնում իշխանությունների դեմ:

«Մեկի ղեկավարը Զարուհի Փոստանջյանն է, ում հետ տասը տարվա ճանապարհ եմ անցել, ով հիմա իր ուժն է ստեղծել ու հայտարարել է, որ կռիվ ունի: Զարուհին երեկ հայտարարեց, որ պետք է ամբողջ ժողովուրդը դուրս  գա, որ կարողանանք դուրս գալ այս իրավիճակից: Զարուհին, ի պատասխան լրագրողի հարցի, թե միավորվելո՞ւ եք, ասաց, որ  կարևորում են ժողովրդի հետ միավորումը: Բնականաբար, բոլորս էլ մենակ ոչ մի բան չենք կարող անել: Մենք նայում ենք դեպի ժողովուրդը, ժողովրդով ենք պլանավորում հաջողության հասնելը,-ասաց Դավիթ Սանասարյանը, ապա, դիմելով նախկին կուսակցական ընկերոջը, հավելեց,– սիրելի՛ Զարուհի, ժողովուրդը չի սիրում անջատ-անջատ կռիվներ»:

Նա կոչ արեց պայմանավորվել, խոսել վարչախմբին հեռացնելու մասին:

Երկրորդ կոչն ուղղված էր «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ հրապարակ եկած Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Սիրելի՛ Նիկոլ, բոլորս ունենք տարաձայնություններ տարբեր հարցերի շուրջ: Վստահ եմ, որ էնքան հասուն կգտնվենք բոլորս, որ կդնենք մի կողմ և ժողովրդին ցույց կտանք էդ միասնությունը: Սա անհրաժեշտություն է»:

Նա կոչ արեց կշեռքի վրա դնել՝ արդյոք ուզո՞ւմ ենք, որ իշխանությունները շարունակեն երկիրը գլորել անդունդը, թե փոխել իրավիճակը:

Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հաջորդ ուրբաթ: Իսկ այսօրվա հանրահավաքը եզրափակվեց երթով:

Երթի մասնակիցներն անցան Հյուսիասյանի պողոտայով, Հանրապետության հրապարակով, Վազգեն Սարգսյան փողոցով, Մաշտոցի պողոտայով և վերադարձան Ազատության հրապարակ:

20.00

Արթուրը եզակի էր այն հումանիստական դաշտում, որ բոլորիս հոգու խորքում կա. Ալբերտ Բաղդասարյան` Հաց բերողին նվիրված հանրահավաքին 

Ելույթի խոսքով հանդես եկած երկարամյա քաղաքական գործիչ Ալբերտ Բաղդասարյանը հայտարարեց. «Այսօր Հաց բերող Արթուրի հիշատակման օր է, բայց ոչ սգալու: Այսօր առավոտյան այցելել ենք Արթուր գերեզմանին ու հարգանքի տուրք ենք մատուցել: Գրեթե ամեն շաբաթ իմ ճանապարհը Արթուրի կողքով է անցնում. աչքի պոչով նայում եմ Արթուրին ու մտածում  եմ՝ ես կարո՞ղ էի անել այն, ինչ արեց Արթուրը, և միշտ պատասխանս միարժեք է՝ ոչ: Արթուրը եզակի էր այն հումանիստական դաշտում, որը բոլորիս հոգու խորքում կա, բայց, որն այսօր, իշխանությունների ձեռամբ, հեռացել է Հայաստանից: Բարության համար նա պատրաստ էր կյանքը զոհել: Նա ի՞նչ էր անում, նա Սասնա ծռերից մեկը չէր, նա սովորական քաղաքացի էր՝ իր գործին: Բայց տեսավ՝ հանուն արդարության կա պայքար և այդ պայքարի մեջ կա անմարդկային վերաբերմունք, նա որոշեց այդ բացը լրացնել՝ իր կյանքը վտանգելով: Հաց  տանելով»:

Ալբերտ Բաղդասարյանը իր ելույթն ամփոփեց՝ քաղաքական շեշտադրումներով, ասելով, որ իրենց առաջին խնդիրը լինելու է մարդկանց մեջ հավատ արթնացնելը, բայց ոչ թե գեղեցիկ խոսքերով, այլ լուծումներ տալով:

«Որ յուրաքանչյուր քաղաքացի մտածի, որ էս անգամ չեն խաբում, որ էս Վիշապի սինդրոմը վերանա»,–խոստացավ Ալբերտ Բաղդասարյանը:

19.50

Արթուրը, հաց բերելով, իր անձնական օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է վերացնել քաղցը. Արայիկ Պապիկյան

Նրանում, որ  այլևս չկա  Հաց  բերող Արթուր Սարգսյանի ֆիզիկական գոյություն, մեծ հաշվով, բարոյական մեղքի իր բաժինն ունի յուրաքանչյուրը:

Այս մասին հայտարարեց «Սասնա ծռերի» գործով փաստաբան Արայի Պապիկյանը՝ բացատրելով, թե ինչու:

«Մենք չափազանց քիչ ջանք գործադրեցինք` տեր կանգնելու մեր իշխանությանը, մենք գրեթե ոչինչ չարեցինք Հաց բերողի՝ Արթուրի՝ հասարակության կողմից պահանջված արդար դատին հանձնելու համար: Մենք տարիներ շարունակ ապրում ենք արդարության  ու օրինականության քաղցի պայմաններում: Արթուրն իր անձնազոհությամբ ընդվզեց, ապստամբեց, բոլորիս ցույց տվեց՝ որն է արդարությունը: Նա Հաց բերելով վերացրեց մեր քաղցը: Հաց տալով և իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես պետք է վերացնել քաղցը»,-ասաց Արայիկ Պապիկյանը: Նա շատ բնութագրական է համարում գնահատականը, թե Հաց բերողին սպանեցին «հացկատակները»՝ ձրիակերներն ու պնակալեզները, պետական մեքենան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել