Tert.am-ը գրում է.

Շիրակի պետական համալսարանի «Պատմության և փիլիսոփայության» ամբիոնի դասախոս Հովհաննես Խորիկյանն իր ազատման հիմքում բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հաշվեհարդարն է տեսնում: 

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ինքն ու իր գործընկեր Գագիկ Համբարյանը, որը նույնպես հեռացվել է աշխատանքից, արդեն 6 ամիս է՝ բարձրաձայնում են Շիրակի համալսարանի ռեկտորի կամայական գործողությունների ու չարաշահումների, նրա՝ բուհական համակարգի հետ առնչություն չունենալու մասին:

«Երկու օր առաջ այստեղ էին Ազգային ժողովի Կրթության և գիտության հանձնաժողովի անդամները։ Նրանք էլ շատ խիստ արձագանքեցին՝ հաստատելով, որ մեր բարձրաձայնած խնդիրներն ունեն հիմքեր ու փաստարկված են: Ռեկտոր Սահակ Մինասյանը հանձնաժողովի հետ հանդիպմանը չներկայացավ, հետո 2-րդ օրը եկավ ու շատ արագ մեզ հետ հաշվեհարդար տեսավ՝ շինծու հիմքով»,- ասաց նա:

2007 թվականից Շիրակի համալսարանում դասավանդող Խորիկյանին ազատել են պատրվակով, թե նա գործատուի գույքի նկատմամբ միտումնավոր անտարբերություն է ցուցաբերել: Սակայն Խորիկյանը շեշտեց՝ իրականությանը չի համապատասխանում մեղադրանքը, ավելին՝ վստահ է, որ հիմքեր չունեն:

«Քիչ առաջ ուսանողները մոտեցել են ռեկտորին՝ հարցնելով, թե ինչ է կատարվում, բայց նա պատասխանել է, թե ինքը որոշման հետ որևէ կապ չունի, թող դատարանում որոշեն՝ իր որոշումը սխա՞լ էր, թե ճիշտ: Մենք գործ ունենք այնպիսի մարդու հետ, որն ընդհանրապես բուհական կառավարումը չի պատկերացնում, ավելին՝ ո՛չ մարդկային ռեսուրսներ կարող է կառավարել, ո՛չ ֆինանսական ռեսուրսներ. Սահակյանը զուտ պատահական հայտնվել է ռեկտորի աթոռին»,- ընդգծեց Հովհաննես Խորիկյանը:

Աշխատանքից ազատված դասախոսները Կրթության նախարարություն չեն դիմել, քանի որ պնդում են, թե շատ խախտումներ նախարարություն ինքն արձանագրել է, սակայն նույնիսկ նկատողություն չի արվել ռեկտորին: Ավելին` դասախոսները համոզված են՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը սատարում է Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանին, որն աշխատակիցներին անօրինական հեռացրել է աշխատանքից: 

Հովհաննես Խորիկյանն ու Գագիկ Համբարյանը շեշտեցին՝ գործն այդպես չի մնալու, քանի որ իրենք դիմել են իրավաբանների, դիմելու են նաև ՀՀ գլխավոր դատախազին:

Tert.am-ը խնդրի հետ կապված նաև դիմեց Կրթության և գիտության նախարարություն: Նախարարի խոսնակ Լուսինե Մարգարյանը պատասխանեց, թե դասախոսների աշխատանքից հեռացվելը զուտ աշխատող-գործատու հարաբերության տրամաբանության մեջ է: 

Աշխատանքից հեռացված դասախոսները, սակայն, այլ կարծիք ունեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել