Կլեոպատրան Եգիպտոսի վերջին թագուհին էր: Նրա անունը վաղուց է լեգենդ դարձել. նրա արարքները շարունակում են ժամանակակից մարդկանց զարմացնել ու հիացնել: Ի տարբերություն գերակշռող կարծիքի՝ Կլեոպատրան գեղեցկուհի չի եղել, սակայն դրա փոխարեն ապշեցրել է բոլորին իր ուղեղով ու ստեղծարարությամբ: Նրա անունը մարդկության պատմության մեջ երկարաժամկետ ամրագրում է ստացել, իսկ ահա պալատը, որում նա ապրում էր, ջրի տակ է անցել 4 և 8-րդ դարերում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի արդյունքում:

Հնագետների խումբը՝ Ֆրանկ Գոդիոյի գլխավորությամբ, 1996 թ. Ալեքսանդրիայի Արևելյան Գավանայի ջրերի տակ հայտնաբերել են վանքեր ու քաղաքային ամրոցներ, որոնցից մեկում ապրել է վերջին հունախոս թագուհին Պտղոմեոսների տոհմից: Գտածոների մեծ մասը պատված են նստվածքային ապարներով, որոնք էլ պաշտպանել են նրանց աղի ջրի հետ հարաբերության հետևանքներից: Շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների և հնագետների տեղագրական հետազոտությունների՝ հաջողվել է ջրի տակ անցնել և պեղումներ կատարել այնտեղ:

Այժմ հնագետները պեղումներ են անցկացնում գտնված ամենահարուստ ստորջրյա հրապարակներից մեկում: Գտնվել են վերջին այն դինաստիային պատկանող իրեր, որը կառավարել է Եգիպտոսը մինչև վերջինիս՝ հռոմեացիների կողմից նվաճելը մ.թ.ա. 30 թվականին: Տեղային հետազոտությունները հաստատում են այն պալատների ու տաճարների նկարագրությունները, որոնք արվել են ավելի քան երկու հազարամյակ առաջ հույն աշխարհագրագետների կողմից:

Գոդիոյի խոսքերով՝ սա յուրօրինակ վայր է եղել մոլորակում: Գտածոները կներկայացվեն Ֆիլադելֆիայի Ֆրանկլինի համալսարանում «Կլեոպատրա. Եգիպտոսի վերջին թագուհու մասին» ցուցադրության ժամանակ: Աշրաֆ Աբդել-Ռաոուֆն ասում է, որ ամեն բան պահպանվել է հենց այն տեսքով, որով եղել է մինչ խորտակումը:

Վերջերս ակվալանգիստներն ուսումնասիրության են ենթարկել պալատն ու վանական համալիրը, որտեղ Կլեոպատրան գայթակղել է Մարկոս Անտոնիոսին: Գտել են նաև Տիմոնիումը, որտեղ Անտոնիոսը պատրաստվում էր տեղափոխվել, սակայն մինչ դրա կառուցումն ինքնասպան եղավ:

Հայտնաբերել են հսկայական քարե գլուխ, որը համարում են Կեսարիոնի՝ Կլեոպատրայի և Հուլիոս Կեսարի որդու կիսանդրին, ինչպես նաև երկու սֆինքսներ, որոնցից մեկի վրա, ամենայն հավանականությամբ, պատկերված է թագուհու հայրը՝ Պտղոմեոս XII-ը: Ակվալանգիստները լուսանկարել են Իզիդա վանքի ավերակները, որոնք գտնվել են Կլեոպատրայի պալատից ոչ շատ հեռու: Գտնվել է քվարցիտե հսկայական բլոկ, որի վրա փարավոնի պատկեր կա: Եթե հավատանք մակագրությանը, ապա դրա վրա պատկերված է Սեթի I-ը՝ Ռամզես II-ի հայրը:

Ջրի խորքից հնագետները դուրս են բերել նաև մի շարք մանր իրեր՝ Եգիպտոս բերված կերամիկա, դրանց տեղական պատճենները, փարավոնների արձանիկներ, բրոնզե ծիսական բաժակներ, ամուլետներ և էժանագին անոթներ, որոնք աղքատներն էին ընծայում աստվածներին: Բոլոր այս իրերը հրաշալիորեն պահպանվել են հազարավոր տարիների ընթացքում:

Գոդիոն նաև ավելացրել է, որ այս վայրը բաց հրապարակ է բոլոր հնագետների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել