Panorama.am-ը գրում է.

«Հայաստանի համար Լիբանանի կարևորությունը պայմանավորված չէ միայն այս երկրի տարածաշրջանային նշանակությամբ: Դարեր շարունակ հայ ժողովուրդը Մերձավոր Արևելքի և լիբանանյան խճանկարի ինքնատիպ մաս է կազմել»: Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով  Լիբանանի անվտանգության ուժերին աջակցության վերաբերյալ նախարարական համաժողովին:

Նա նշել է, այսօր այս երկիրը հյուրընկալում է տարածաշրջանի ամենամեծ հայկական համայնքը, որը մեր ժողովրդի մշակութային ու հոգևոր կենտրոններից մեկն է հանդիսանում: Ավանդաբար հայերն ակտիվորեն ներգրավված են Լիբանանի սոցիալական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ՝ քաղաքականության մեջ:

«Այսօր նրանք ներկայացված են և՛ կառավարությունում, և՛ խորհրդարանում: Հայերը կիսել են բոլոր այն դժվարությունները, որոնց բախվել է Լիբանանի ժողովուրդը, և պատրաստակամ են այսուհետ ևս իրենց ներդրումը բերել պետության ապահով ու անվտանգ ապագային: Այս նպատակին հասնելու ճանապարհին Հայաստանի Հանրապետությունը կանգնած է Լիբանանի ժողովրդի կողքին:

Հայաստանը բազմիցս իր աջակցությունն է հայտնել Լիբանանի բարեկամ ժողովրդին: Այն ևս մեկ անգամ վերահաստատվել է փետրվարին Լիբանանի նախագահի՝ Երևան կատարած պաշտնական այցի, ինչպես նաև երեք օր առաջ ՀՀ վարչապետի՝ Լիբանան կատարած պաշտոնական այցի ընթացքում»,-ասել է նախարարը:

Նալբանդյանը հիշեցրել է, որ 2014թ. նոյեմբերից 32 խաղաղապահներից բաղկացած հայկական դասակը՝ իտալական հրամանատարության ներքո ծառայություն է իրականացնում Լիբանանում Միավորված Ազգերի Կազմակերպության ժամանակավոր ուժերի (ՅՈՒՆԻՖԻԼ) կազմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել