«Ինչպիսին կլինի ՍԵրժ Սարգսյանի քաղաքական որոշումն իր հետնախագահական ճակատագրի կապակ­ցությամբ, հանրային մեծամասնու­թյան մոտ թերևս չի թողել երկրորդ կարծիքի տեղ՝ նա կլինի վարչապետ: Իհարկե, առկա են դրա գրեթե բոլոր նախանշանները, թեև ինքը՝ Սարգսյանը, շարունակում է պահել ինտ­րիգն ու անորոշությունը: Հնարավո՞ր է բացառել այլ տարբերակ, ոչ միայն տեսականում: Այստեղ, իհար­կե, շատ կարևոր է դիտարկել իրա­վիճակը՝ միարժեք այո կամ ոչ ասելու փոխարեն:
 
Բանն այն է, որ ի տարբերություն հան­րային և քաղաքական մեծամասնու­թյան, Սերժ Սարգսյանի որոշումը կա­յացվելու է հենց իրավիճակը հնարավորինս բազմերանգ, մանրազնին դիտարկելու արդյունքում՝ հաշվի առնելով ամե­նափոքր ներքին և առավել ևս արտա­քին նրբերանգներն անգամ: Իսկ ար­տաքին միջավայրը ենթարկվում է բա­վականին արագ և նույնիսկ անսպասե­լի փոփոխությունների:
Միացյալ Նա­հանգների արտաքին գործերի նախա­րար է դառնում մարդ, որը մինչ այդ ղե­կավարում էր հատուկ ծառայությունը՝ Կենտրոնական հետախուզական վարչությունը կամ ՑՌՈւ-ն:
 
Թվում էր, թե հատուկ ծառայությունից քաղաքականություն և դիվանագիտու­թյուն տարբերակը հատկանշական և բնութագրական է ամբողջատիրական համակարգերի համար, որտեղ ՊԱԿ աշ­խատակիցը կարող է դառնալ նախա­գահ: Սակայն մենք տեսնում ենք, որ այ­դօրինակ տրանսֆորմացիա կարող է տեղի ունենալ մի երկրում, որը համար­վում է ժողովրդավարական և քաղա­քական համակարգերի առաջատարնե­րից մեկը, եթե ոչ առաջատարը: Մինչ­դեռ այստեղ թերևս անհամարժեքություն կլինի կարծել, թե այդօրինակ նշա­նակումները կամ տրանսֆորմացիանե­րը բխում են բացառապես նախագահ Թրամփի, այսպես ասած, էպոտաժային կերպարից, քաղաքական տարր չլինե­լու հանգամանքից: Նախագահական պաշտոնամուտից հետո վարվող քա­ղաքականությունը թերևս տվել է բա­վարար ապացույցներ առ այն, որ ան­կախ նրա նկարագրի և ապաքաղաքա­կան անցյալի հանդեպ վերաբերմուն­քից, աշխարհը գործ ունի Նահանգների վարչակազմի հետ, ոչ թե ինչ-որ ծաղրա­ծու նախագահի:
 
Եվ ըստ այդմ՝ արտաքին գործերի ներ­կայիս նախարարի փոփոխությունը քաղաքականություն է, ոչ թե քմահաճույք: Քաղաքականություն, որի ղեկը գուցե նույնիսկ Թրամփի ձեռքին էլ չէ, այլ նա ինքն էլ դրա մի մասնակից է: Իսկ տրանսֆորմացիան տեղի է ունենում համաշխարհային նոր իրողությունների դինամիկ ծավալման ֆոնին, երբ առա­ջանում է աննախադեպ անհրաժեշտու­թյուն՝ Միացյալ Նահանգներում հատուկ ծառայության ղեկավարով փոխարինել արտաքին գործերի նախարարին: Սա չի նշանակում, որ ԱՄՆ-ը դառնում է ԽՍՀՄ, բայց դա նշանակում է, որ նույնիսկ ԱՄՆ-ի պես գերտերությունը ժամանակակից աշխարհում կարող է կանգնել որոշակիորեն արտառոց տրամաբանությամբ, մինչ այդ եղած նկարագրին ոչ բնորոշ գործողություններով առաջնորդվելու հրամայականի առաջ»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել