«Բաքվում աննախադեպ դիվանագիտական ակտիվություն է գրանցվել: Երեկ օրվա առաջին կեսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի ընկերակցությամբ, մասնակցել է Բաքվի վեցերորդ միջազգային համաժողովին, որին ներկա են տասնյակ երկրների գործող ու նախկին պաշտոնյաներ: Այստեղ Ալիևը խոսել է ԼՂ խնդրի մասին, սակայն, ըստ էության, նոր ոչինչ չի ասել` կրկնելով տասնյակ անգամներ հնչած թեզը, թե միջազգային հանրությունը պատժամիջոցներ պետք է սահմանի Հայաստանի նկատմամբ, որովհետև, իբրև թե վերջինս ղարաբաղյան խնդրի չկարգավորման միակ պատճառն է:
 
Սակայն Ադրբեջանի ակտիվում դիվանագիտական առարկայական հաջողություն գրանցվել է օրվա երկրորդ կեսին, երբ Բաքվում երեկ տեղի ունեցած Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի ու Իրանի արտգործնախարարների առաջին քառակողմ հանդիպման ավարտին չորս երկրները համատեղ հռչակագիր են ընդունել՝ աջակցություն հայտնելով միմյանց տարածքային ամբողջականությանն ու սահմանների անքակտելիությանը:
«Այս համատեքստում կողմերը փոխադարձ հարգանքով են վերաբերվում միմյանց տարածքային ամբողջականությանը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությանը, ինչպես նաև տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը խաղաղ ճանապարհով ու միջազգային իրավունքների հիման վրա»,- ասված է Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի և Իրանի արտգործնախարարների երեկ ընդունած փաստաթղթում:
 
Կասկածից վեր է, որ այս փաստաթուղթը Բաքուն դարձնելու է հաղթաթուղթ` ցույց տալու համար, որ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Իրանն ու Վրաստանը ԼՂ խնդրում պաշտպանում են Բաքվի դիրքորոշումը, եթե նույնիսկ երեկվա հռչակագիրն ուղղակիորեն չի առնչվել ԼՂ խնդրին:
 
Իհարկե, Թբիլիսիի և Թեհրանի պրակտիկ քաղաքականությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում շատ ավելի չեզոք և հավասարակշռված է, մյուս կողմից` երբ Հայաստանը, ըստ էության, մեկուսացած է տարածաշրջանային բոլոր նախագծերից` դրանց մասնակիցները ձևակերպում են ընդհանուր օրակարգ, շահեր, որոնց համատեքստում Բաքվին հաջողվում է` համագործակցության ընդհանուր փաթեթում, իր համար բարենպաստ ձևակերպումներով, ներառել նաև ԼՂ խնդիրը:
 
Ահավասիկ, չորս արտգործնախարարներն երեկ Բաքվում քննարկել են Հարավ-արևմուտք տրանսպորտային միջանցքի կառուցման հեռանկարը, որով նախատեսվում է Հնդկաստանից բեռները հասցնել Եվրոպա՝ Իրանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ուկրաինայի տարածքներով: Շուրջ հինգ հազար կիլոմետր ձգվող այս ճանապարհը թույլ կտա բեռները Հնդկաստանից Եվրոպա հասցնել ընդամենը մեկ շաբաթում: Ուշագրավ է, որ Թեհրանը նոր ձևաչափին մտադիր է ինտեգրվել շատ արագ` ցանկություն հայտնելով մասնակցել նաև այն նախագծերին, որոնք ավելի վաղ համաձայնեցվել էին երեք կողմերի` Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեկ, մասնավորապես, նշել է, որ Իրանը ևս ուզում է միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին՝ հասցնելով այն մինչև Թավրիզ:
 
Եթե հանրագումարի բերենք Բաքվում երեկ տեղի ունեցած քառակողմ հանդիպման նախնական արդյունքները, ապա ստացվում է, որ Ադրբեջանին հաջողվել է լուծել առնվազն երկու խնդիր` ԼՂ խնդրում իր դիրքորոշումը դարձնել տարածաշրջանի մյուս երեք պետությունների կոնսենսուսային տեսակետ և ավելի խորացնել Հայաստանի ռեգիոնալ մեկուսացումը: Իհարկե, Երևանի պաշտոնական շրջանակներն ավանդական փաստարկներով կհակադարձեն մեր երկու արձանագրումներին, մասնավորապես` մատնանշելով հայ-վրացական, հայ-իրանական հարաբերությունների բարձր մակարդակը:
 
Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ հարաբերությունները` բարեկամական լինելով հանդերձ, ըստ էության, զուրկ են քաղաքական օրակարգից, տարածաշրջանային բաղադրիչից, ռազմավարական տեսլականից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել