168.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Թիլերսոնին պաշտոնանակ անելու պատճառն Իրանի հարցի շուրջ առաջացած տարաձայնություններն են: Թրամփը պետքարտուղարի պաշտոնում առաջադրել է Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Պոմպեոյի թեկնածությունը։

168.am-ը ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանից հետաքրքրվեց, թե Պոմպեոյի պաշտոնավարման ընթացքում ի՞նչ փոփոխություններ կարող են լինել Վաշինգտոնի իրանական քաղաքականության մեջ։

«Հակամարտությունների կամ հակասությունների ճանապարհով ընթանալն օգտակար չի կարող լինել. Իրանն ապացուցել է, որ ուժի լեզվով իր հետ խոսելն ուղղակի անիմաստ է և ոչ արդյունավետ քաղաքականություն։ Շատ հաճախ խոսում են ամերիկյան ազդեցության մասին՝ Իրանի ներքաղաքական զարգացումների համատեքստում, բայց ակնհայտ է, որ իրանցիներն այն աստիճանի ազդեցություն ունեն ԱՄՆ-ի ներքաղաքական օրակարգի վրա, որ կարող են բերել նույնիսկ պետքարտուղարի փոփոխության»,- պարզաբանեց Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղարի փոփոխությունն էական ազդեցություն չի ունենա հայ-իրանական հարաբերությունների վրա. «Ակնհայտ է, որ Իրանի և ԱՄՆ-ի հարաբերությունների լարումը չի բխում մեր շահերից, շատ ավելի ընդունելի և դրական կլիներ, եթե երկու երկրների միջև ստեղծվեր երկխոսության որոշակի ֆոն։

Բայց ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունն Իրանի նկատմամբ հայ-իրանական հարաբերությունների վրա չի կարող լրջագույն ազդեցություն ունենալ, որովհետև այդ հարաբերությունները, ըստ էության, ձևավորվում են Հայաստանի և Իրանի կենսական շահերի տիրույթում, և հայ-իրանական հարաբերությունները մեկ կամ երկու օրվա հարաբերություններ չեն։ Այս համատեքստում ընթացիկ  փոփոխությունները, չեմ կարծում, որ կարող են լուրջ ազդեցություն թողնել հայ-իրանական հարաբերությունների բարեկամական բնույթի վրա»։

Իրանագետն ընդգծեց՝ հայ-իրանական հարաբերությունները բխում են թե՛  Հայաստանի, թե՛ Իրանի շահերից.

«Դրանց խարխլումը ձեռնտու չէ ոչ մի կողմի, նույնիսկ՝ ԱՄՆ-ին, որովհետև Հայաստանը կարևորագույն օղակ կարող է հանդիսանալ իրանաամերիկյան որոշակի երկխոսության համար։ Չնայած՝ այս պահի դրությամբ նման երկխոսության հնարավորությունը չափազանց փոքր պետք է գնահատել։ Բայց ոչինչ բացառել պետք չէ, եթե հաշվի առնենք, որ ԱՄՆ-ը պատրաստվում է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ, ապա ակնհայտ է, որ Իրանը շատ ավելի ընդունելի գործընկեր կարող է լինել բանակցային դաշտում»։

Ոսկանյանը նկատեց՝ իրանցիները Միջուկային համաձայնագրի շրջանակներում իրականացնում են իրենց ստանձնած բոլոր պարտավորությունները, և այս համատեքստում որևէ խոցելի հատված չկա, որ կարող է օգտագործվել ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի այն հատվածի կողմից, որը ձգտում է Իրանի վրա ճնշումներ բանեցնել.

«Բացի այդ՝ Իրանը կարողացել է երկփեղկում առաջացնել Արևմուտքի դիրքորոշումներում+ ԵՄ դիրքորոշումները բոլորովին տարբեր են Թրամփի վարչակարգի դիրքորոշումներից, և այս իմաստով՝ սա էլ պետք է գնահատել՝ որպես Իրանի արտաքին դիվանագիտության հաջողություն։ ԵՄ դրական մոտեցումները և ԵՄ-Իրան հարաբերությունների դրական հունը, անշուշտ, թուլացնում են լարվածությունը թե՛ մերձավորարևելյան տարածաշրջանում, թե՛ ընդհանրապես համաշխարհային քաղաքական ասպարեզում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել