Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը մարտի 15-ին ընդունել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Հոսսեյն Սամիեիի գլխավորած պատվիրակությանը: Քննարկելով 2017թ.-ին Հայաստանում տնտեսական ցուցանիշների բարելավումը՝ կողմերն առանձնացրել են այդ հարցում ՊԵԿ-ի գործունեությամբ արձանագրված արդյունքների, հատկապես՝ վարչարարության էական ազդեցությունը, հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Շեշտվել է, որ տարվա ընթացքում իրականացված կառուցվածքային փոփոխությունները, համակարգի օպտիմալացումը եւ ստվերի դեմ պայքարում վարչարարության կատարելագործումը դրականորեն են անդրադարձել 2017թ.-ի հարկաբյուջետային կատարողականի վրա: ՊԵԿ նախագահը վստահեցրել է, որ 2018թ.-ի ծրագրված ցուցանիշը կանխատեսելի է, եւ կոմիտեն այն նույնպես ապահովելու է. «Այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների հրապարակումը կփաստի, որ բյուջեի կատարողականով նախատեսված ցուցանիշների համեմատ արդեն իսկ էական առաջընթաց է ՊԵԿ-ը գրանցում»:

Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի առաքելության ղեկավարը նկատել է, որ բյուջեի կապիտալ եւ ընթացիկ ծախսերի ֆինանսավորման առումով ՊԵԿ-ի վրա մեծ պատասխանատվություն է դրված, ինչին ի պատասխան Վարդան Հարությունյանը նշել է, որ կոմիտեն կարդարացնի սպասումները: «Հարկային կարգապահության բարձրացմանն ուղղված աշխատանքները մեծ արդյունք են տվել, ուստի շարունակվելու են նաեւ 2018թ.-ին: Այն թիրախները, որ մեր առջեւ դրել ենք, բարձր արդյունքով կատարելու ենք»,-հավաստիացրել է կոմիտեի ղեկավարը՝ հավելելով, որ 2018թ.-ի համար բարձր նշաձող է կոմիտեն սահմանել՝ 2019թ.-ին ավելի բարենպաստ մեկնարկային վիճակ ունենալու համար:

ՊԵԿ նախագահը դրական է գնահատել ԱՄՀ պատվիրակության երկշաբաթյա համագործակցությունը ՊԵԿ ստորաբաժանումների հետ եւ շնորհակալություն է հայտնել Հոսսեյն Սամիեիին՝ կոմիտեի աշխատանքում դրական փոփոխություններն արձանագրելու համար: Վերջինս հույս է հայտնել, որ ՊԵԿ-ը կշարունակի նախաձեռնած բարեփոխումները՝ գրանցելով դրական նոր արդյունքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել