Armtimes.com-ը գրում է.

Մի քանի օր առաջ «Հայկական ժամանակի» խմբագրություն ահազանգած քաղաքացի Աիդա Սուքիասյանը դժգոհում էր, որ զրկվել է իրեն հասանելիք դեղերից, որոնք տարիներ շարունակ տարածքային պոլիկլինիկայից ստացել է անվճար:

Նա նշում էր, որ կենսաթոշակառու է, երկրորդ խմբի հաշմանդամություն ունի, ստացել է «Պրեդուկտալ MR» եւ «Պրեստանս», բայց հունվարի մեկից դեղերի տրամադրումը դադարեցվել է: Պատճառաբանությունն, ըստ քաղաքացու, հետեւյալն է՝ պետությունը չունի հնարավորություն: «Սպասում են՝ բոլորը մեռնեն: Գիշերները չեն քնում, մտածում են՝ ոնց կողոպտեն ժողովրդին: Մինչեւ վերջին շապիկը հանում են»,- իշխանությունների գործելաոճի իր գնահատականը տվեց կենսաթոշակառուն: Նրա փոխանցմամբ, իրեն անհրաժեշտ սրտի ու ճնշման դեղերից մեկն արժե ավելի քան 5000, մյուսը՝ ավելի քան 6000 դրամ, որոնք գնելը դժվար է լինելու:

Քաղաքացու բողոքի առնչությամբ գրավոր հարցմամբ դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարություն՝ խնդրելով տեղեկացնել՝

  • ինչ որոշման հիմքով է, որ այլեւս չեն տրամադրվում նշված դեղերը:
  • Ինչու է առաջացել այդ որոշման անհրաժեշտությունը:
  • Քանի քաղաքացի է, ըստ այդմ, զրկվել պետպատվերով դեղ ստանալու իրավունքից եւ ինչ ժամանակահատվածում (նաեւ այս տարվա հունվարի 1-ից քանի քաղաքացի է զրկվել այդ իրավունքից):

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ Աիդա Սուքիասյանին նախկինում տրամադրված դեղերը ընդգրկված չեն ՀՀ «Հիմնական դեղերի ցանկ»-ում: Իսկ այդ ցանկից դուրս դեղեր տրամադրելու իրավունք ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններն այլեւս չունեն, ինչը նախկինում արվում էր համապատասխան հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Պարզվում է՝ քանի որ հիմնական ցանկից դուրս դեղ ստանալու հնարավորությունից քչերն էին օգտվում, ընտրվել է այդ իրավունքը իսպառ վերացնելու տարբերակը:

«Այս հրամանի համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ ոչ բոլոր անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության ներկայացուցիչներն էին օգտվում հանձնաժողովային կարգով դեղեր ստանալու իրավունքից»,- գրել է Նելսոն Զուլոյանը, ինչից պարզ չի դառնում՝ մարդիկ այդ հնարավորությունից չէին օգտվում պետության ֆիանսական միջոցների սղությա՞ն պատճառով, թե՞ նրանց առաջ ստեղծվում էին արհեստական խոչընդոտներ:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարը նաեւ տեղեկացնում է, որ ներկայումս մշակվում եւ վերանայվում է Հայաստանի Հանրապետության հիմնական դեղերի ցանկը: Թե ինչ փոփոխություն այն կկրի, կհամալրվի, թե ընդհակառակը, գրության մեջ չի մանրամասնվում:

Ինչ վերաբերում է տեղեկությանը, թե Հայաստանում ընդհանուր առմամբ քանի քաղաքացի է զրկվել դեղ ստանալու իրավունքից, նշվում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը չի կարող տրամադրել տեղեկատվություն, թե քանի քաղաքացի է զրկվել ցանկից դուրս դեղեր ստանալու իրավունքից, քանի որ բնակչությունը անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղերը ձեռք է բերում ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով»:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել