ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր ծննդյան 70-ամյակի առթիվ ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարզպետունի Մարգարյանին պարգևատրել է ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ շնորհավորելով Մարզպետունի Մարգարյանին պարգևատրման կապակցությամբ, ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նրա գործունեությունը պետական տարբեր կառույցներում աշխատելու տարիներին, կարևորել նախկին պատգամավորի՝ իր փորձը սերունդներին փոխանցելու և աջակցելու պատրաստակամությունը: Խորհրդարանի ղեկավարը մաղթել է նրան երկար տարիների կյանք և քաջառողջություն:

Մարզպետունի Մարգարյանը, շնորհակալություն հայտնելով պարգևի համար, նշել է, որ միաժամանակ հպարտ է և հուզված. «Ապրել եմ՝ ապրեցնելով, փորձել եմ գործով ապացուցել իմ ազգին և գաղափարներին նվիրված լինելը»:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը նշել է. «Մարզպետունի Մարգարյանը հարգված անձնավորություն է Գյումրիում: Մեծերին պիտի հարգել, որովհետև կյանքը նրանց դարձնում է իմաստուն և ավելի զգուշավոր: Տարբեր երկրներում կիրառում են մեծերի փորձը, համագործակցում նրանց հետ՝ ի շահ երկրի բարօրության»:

ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդևան Գրիգորյանը նույնպես շնորհավորել է Մարզպետունի Մարգարյանին՝ նշելով, որ անգնահատելի է ՀՀ Գերագույն խորհրդի և նախկին պատգամավորների դերը Երրորդ հանրապետության ստեղծման ու կայացման ճանապարհին:

«Պառլամենտական սերունդ» ՀԿ նախագահ Մեխակ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Արա Բաբլոյանին հասարակական կազմակերպության անդամների անունից և ընդգծել նախկին ու ներկա ԱԺ պատգամավորների համագործակցության և փորձի փոխանակման կարևորությունը: ՀԿ անդամների անունից նա պատրաստակամություն է հայտնել մասնակցելու խորհրդարանում անցկացվող միջոցառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել