Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն աշխարհաքաղաքական հակամարտություն է, որտեղ գործող անձը Ռուսաստանն է. այս մասին այսօր Կովկաս ինստիտուտի կողմից կազմակերպվեծ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. տեղական և միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Կարնեգի Եվրոպա հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: 

Նա մատնանշեց ԼՂ հակամարտության և հետխորհրդային այլ երկրներում առկա հիմնախնդիրների հիմնական տարբերությունը: «Աշխարհաքաղաքական ընդհարումներ այս կոնֆլիկտում չկան. Ռուսաստանն ու Թուրքիան շատ լուրջ կոնֆլիկտ ունեցան, որը համընկավ 2016 թվականի իրադարձության հետ, բայց դրանից հայ-ադրբեջանական հիմնախնդրի դինամիկան չփոխվեց՝ անկախ նրանից՝ Թուրքիան ու Ռուսաստանն ընկերություն անո՞ւմ էին, թե չէին անում միմյանց հետ»,- ասաց նա:

Թոմաս դե Վաալը նկատեց նաև, որ ԼՂ հակամարտության մեջ առաջանում է նոր միտում. ըստ նրա՝ խոշոր տերություններն ունեն շահեր այս տարածաշրջանում, հատկապես Երևանում և Բաքվում կան շահեր,  որոնք ավելի կարևոր են, քան հակամարտության լուծումը: «Իրենք ցանկանում են, որ հակամարտությունը լուծված լինի, բայց կարճաժամկետից միջնաժամկետ հատվածում Երևանի և Բաքվի համար հավասարակշիռ վիճակը պահելն ավելի կարևոր է, ինչը նաև Ռուսաստանին է վերաբերում: Ռուսաստանի հիմնական շահն այս տարածաշրջանում ԼՂ կոնֆլիկտի վրա է հիմնված, հիմնված է Բաքվի և Երևանի հետ իր ունեցած հարաբերությունների վրա»,- ասաց նա:

Ըստ Թոմաս դե Վաալի՝ ԼՂ կոնֆլիկտի հիմնական բաղադրիչն այն է, որ բավական լայն կոնսեսուս կա ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների միջև՝ հակամարտության լուծման ուղիների հարցում:

«Խոշոր տերությունների միջև համաձայնություն չկա, ճիշտ է, կան նրբություններ, մարտավարական տարբերություններ, բայց վերջնական արդյունքի առումով տարբերություններ չկան»,- ասաց նա:

Այս իրավիճակի մեկ այլ հատկանիշը, ըստ նրա, երկակիությունն է: «Այն, որ վերջնական որոշում չկա Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, կամ այն, որ թողել են հարցը, որ պետք է համաձայնեցվի կողմերի հետ և հնարավորինս հետաձգվի, բավական հասկանալի է դիվանագիտական տեսանկյունից: Դա ազդեցություն ունեցել է»,- ասաց նա՝ նկատելով, որ շատ ակտիվ դիվանագիտական, տեղեկատվական պատերազմ է ստեղծվում այս իրավիճակում. և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների շրջանում համոզված են, որ մեծ ճակատամարտ է լինելու:

Միջազգային ատյաններում ևս՝ և՛ ՄԱԿ-ում, և՛ այլ վայրերում, ըստ նրա, դիվանագիտական պատերազմներ են ընթանում, ու կան դեռ չավարտված պատերազմներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել