Panorama.am-ը գրում է.

ԼՂ հակամարտության էական հատկանիշներից է այն, որ բավական ուժեղ կոնսենսուս կա ԱՄՆ, ՌԴ և Եվրոպայի միջև՝ այս հակամարտության լուծման ուղիներ գտնելու հարցում: Մարտի 15-ին Երևանում ԼՂ հարցի վերաբերյալ կազմակերպված քննարկմանը նման տեսակետ հայտնեց Կարնեգի Եվրոպա Հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը: Նրա խոսքով՝ թեպետ ԱՄՆ, ՌԴ և Եվրոպայի մոտեցումների մեջ կան նրբություններ, մարտավարական տարբերություններ, բայց վերջնական արդյունքի առումով տարբերություն չկա:

Ըստ դե Վաալի՝ այստեղ ռազմական իրավիճակը պարզ է՝ երկու կողմերն էլ հավատացած են, որ թերևս մեծ մի ճակատամարտ է լինելու: Միջազգային դիվանագիտական կարծիքում կա համոզմունք՝ պետք է որոշակի տեղեատվական ճակատամարտ մղել և հաղթել:

«Մենք տեսնում ենք անավարտ, ձգձվող տեղեկատվական պատերազմ, հայերն ու ադրբեջանցիները վիճում են պատմական, իրավական հարցերի շուրջ, այդ կրակին յուղ է լցնում ԼՂ կարգավիճակի անորոշությունը: Այդ է պատճառը, որ Երևանում ու Բաքվում զգուշավոր են զիջումների գնալու հարցում»,- ասաց նա:

Ըստ վերլուծաբանի՝ միջազգային միջավայրում սեպարատիզմի հարցում նորաձևությունը փոխվում է. պետությունների աշխարհում անջատողականությունը վատ է, դրա հետևանքով պետությունները քանդվում են, կարգուկանոնը խախտվում է, բայց կան նաև բացառություններ:

«Նորաձևությունը փոխվել է, Ղրիմի պարագայում, օրինակ, հիմա ավելի շատ խոսում են տարածքային ամբողջականության մասին, մենք արևմտյան առաջնորդներից ՌԴ տարածքային ամբողջականության մասին ավելի շատ կանոնավոր հայտարարություններ ենք տեսնում, դա էլ ոգևորել է Ադրբեջանին. նա ավելի պահանջկոտ ձևով է խոսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Սա հետղրիմյան երևույթ է»,- ասաց նա:

Դե Վաալի խոսքով՝ հետղրիմյան շրջանում մոդայիկ դարձած տարածքային ամբողջականությամբ ոգևորվելով՝ Ադրբեջանում սպասում են՝ միջազգային կոնսենսուսը որ ուղղությամբ կփոխվի, և այդ սպասողականությունը բարդացնում է Մինսկի խմբի գործընթացը: Վերլուծաբանը նաև նշեց, որ հայերն ու ադրբեջանցիները երկուսն էլ մեղադրում էին Մոսկվային, Ադրբեջանը նշում էր, որ ՌԴ-ն նպաստում է հակամարտությանը, իսկ հայկական կողմը՝ որ նա զենք է տրամադրում Ադրբեջանին, որն օգտագործվում է Հայաստանի դեմ, մինչդեռ նա պետք է լինի Հայաստանի ռազմավարական գործընկերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել