Երբևէ կհամաձայնե՞ք ձեր հեռախոսն ազատ թողնել սեղանին ու ընկերների ներկայությամբ բարձրաձայն պատասխանել զանգերին կամ  կարդալ ստացված հաղորդագրությունները… Այո՞, ուրեմն՝ դուք բացառիկ մարդ եք՝ անկեղծ ինքներդ ձեր ու շրջապատի հետ: Ո՞չ, այդ դեպքում ստիպված կլինեք դեռ երկար բացատրել, թե ինչ եք խնամքով թաքցնում սև արկղում, ինչը երեկ Կամերայինի բեմում արեցին Բաբկեն Չոբանյանը, Էվա Խաչատրյանը, Լուիզա Ներսիսյանը, Միկա Վաթինյանը, Լիլի Էլբակյանը, Ժորա Հովհաննիսյանն ու Արթուր Մանուկյանը: Արդիական թեմայի շուրջ բեմադրված նոր ներկայացումը «Սև արկղ» է կոչվում։ Առաջնախաղին երեկ ներկա է եղել նաև BlogNews.am-ն  ու ականատեսը դարձել հարաբերությունների կատակերգության, երբ ազարտային խաղը պատռում է  բոլորի դիմակներն ու մտացածին կերպարները:  

«Սև արկղ»-ը Կամերային թատրոնին նոր շնչառություն է տվել: Ներկայացման ռեժիսորը Արշալույս Հարությունյանն է: Նրա խոսքով՝ հանդիսատեսի դատին են հանձնում կյանքին համահունչ ստեղծագործութուն, որն, անկասկած, կհետաքրքրի մարդկանց. «Կրքոտ ու տաք ներկայացում է՝ հագեցած հումորով, շատ սրամիտ  ու հետաքրքիր թեմաներով, որոնք մեզ հետաքրքիր են: Երբ ընկերական միջավայրում ազարտային խաղից հետո գաղտնիքները բացահայտվում են, դրանից հետո ապրելը դժվար է դառնում թե՛ այն մարդկանց համար, ովքեր մինչև այս պահը քեզ գիտեին բոլորովին այլ տեսանկյունից, թե՛ հենց նրանց համար, ում դիմակը պատռվում է: Շատ ակտուալ ու հետաքրքիր թեմա է բոլորի ու կյանքի մասին: Մտածե՞լ եք՝ ինչքան բան կա հեռախոսներում մեր մասին, ինչքան գաղտնիքներ: Յուրաքանչյուրս ունենք մի կերպար, որով ապրում ենք կյանքում, ու բոլորը մեզ տեսնում են այդպիսին, և կա մեր ներքին աշխարհը, մեր գաղտնիքները, որոնք այս գաջեթներում են, այսինքն՝ մեր մտքերը, մեր ներքին աշխարհի զգալի մասը տեղափոխված է այնտեղ: Եվ հանկարծ մի օր սև արկղը կարող է ուղղակի մատնել ձեզ՝ անսպասելի բացահայտելով ձեր գաղտնիքը, ինչը եղավ մեր հերոսների հետ»:

IMG_0715 copyIMG_0759 copyIMG_0816 copyIMG_0807 copy

Ներկայացման գլխավոր գրավականներից մեկն, ըստ ռեժիսորի, այն է, որ  «Սև արկղ»-ն անտիպրիզային է ռեպերտուարային թատրոնում հրավիրված դերասաններով. «Ես հրավիրել եմ նրանց, ում հետ ցանկացել եմ հենց այս ստեղծագործության մեջ աշխատել: Կարծում եմ՝ շատ հետաքրքիր դերասանական կազմ է հավաքված, ովքեր իրենց տաքարյուն խաղով, մաքուր ու անկեղծ էմոցիաներով հանդիսատեսին կստիպեն զգալ ու մտածել: Ամիսներ շարունակ աշխատել ենք ներկայացման վրա, շտկել յուրաքանչյուր դետալ ու մանրուք: Ի դեպ՝ այս ներկայացմամբ նոր ժանր ենք հորինել թատերական տերմինաբանության մեջ՝ հարաբերությունների կատակերգություն, որպեսզի կարողանայինք տիպիկ բնութագրել ներկայացման էությունը, որը մարդկային հարաբերությունների մասին խուճուճ պատմություն է»:

Դերասանուհի Էվա Խաչատրյանն, օրինակ, իրական կյանքում էլ համարձակություն կունենար իր բջջայինը դնել ընկերների հեռախոսների կողքին ու բարձրաձայն պատասխանել բոլոր զանգերին ու նամակներին, ինչպես ներկայացման մեջ արեց. «Էությամբ ազատ մարդ եմ, գաղտնիքներ՝ որպես այդպիսին, չեմ էլ կարողանում պահել, եթե դա ուրիշինը չէ իհարկե, որը պետք է իմ մեջ մեռնի: Ես բաց եմ էմոցիոնալ դաշտով, ու ինձ համար հեշտ է խնդիրները կիսել իմ հարազատների հետ, բայց կան բաներ, որոնք իմն են, դրանք ավելի շատ ներքին ու խորը զգացողություններ են, որոնք չէի ուզենա՝ ինչ-որ մեկը կիսեր ինձ հետ, որովեհտև դա իմ ցավն է, իմ ապրումներն են, ու չէի ցանկանա ինչ-որ մեկին տխրեցնել դրանով: Մնացած բոլոր դեպքերում հեռախոսս հանգիստ կարող եմ թողնել սեղանին կամ տալ սիրածս անձնավորությանը։ Կարծում եմ՝ մենք բեմ ենք բարձրացրել շատ կարևոր  ուղերձ, որն այսօր հասարակությանը պետք է, և հուսամ՝ կարող ենք դրանով ազդել հանդիսատեսի վրա, ինչ-որ բան փոխել իրենց ներսում»:

IMG_0732 copyIMG_0729 copyIMG_0721 copyIMG_0687 copy

Իսկ ահա Լուիզա Ներսիսյանի կարծիքով չպետք է խախտել մարդու՝ ազատ տարածք ունենալու իրավունքը. «Ես եկել եմ այն համոզման, որ մարդուն պետք է հանգիստ թողնել: Մարդ պետք է ունենա իր անձնական տարածքը, որտեղ չի կարող ներխուժել ոչ մեկ, ու կապ չունի, թե որքան մտերիմ ես այդ մարդու հետ․ դա ազնիվ չէ: Ինձ համար ցավալին այն է, որ ճշմարտությունը բացահայտելուց հետո դու այլևս ելք չես ունենում ինչ-որ տեղ գնալու, այսինքն՝ միանգամից պատի ես դեմ առնում: Այն ճշմարտությունը, որին ձգտում են բոլորը, վերջում այն բերկրանքը չի պատճառում, որքան այն ժամանակ, երբ մարդը պատրաստ է ինքը բացվել քո առաջ»:

Սա դերասան Բաբկեն Չոբանյանի առաջին համագործակցությունն է Արշալույսի հետ այս ֆորմատով: Ֆիլմերում միասին նկարահանվելու փորձեր եղել են. «Ակտուալ ասելով թերևս ոչինչ ասած չեմ լինի, քանի որ խնդիրը բոլորիս է վերաբերում: Հարաբերությունների նկատմամբ պետք է փոքր-ինչ զգույշ լինել և ի վերջո ազնիվ պետք է ապրել, եթե չենք ուզում մի օր հայտնվել մեր հերոսների կարգավիճակում»:

IMG_0617 copyIMG_0614 copyIMG_0611 copyIMG_0596 copyIMG_0569 copy

IMG_0683 copyIMG_0670 copyIMG_0661 copy
IMG_0795 copy
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Արշակ Ռոստոմյանի
 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել